«Անսովոր» կիրակի

Երեկվա ոչ աշխատանքային օրը՝ կիրակին անսովոր ակտիվ էր:
Առավոտից հայտնի դարձավ, որ ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկվել «Մարտական եղբայրության» 49 անդամներ: Իհարկե, օրվա վերջին պարզ դարձավ, որ նրանցից որևէ մեկը չի ձերբակալվել ու բոլորն ազատության մեջ են, բայց արդյունքում՝ տապալվեց «Եղբայրության» այցը Վերին Ոսկեպար:
Ավելի ուշ, ԱԺԲ-ն հայտարարեց, որ իր վեց անդամների ձերբակալել են Տավուշում:
Կարծես, ինչ-որ սցենարով հասունանում էր մի իրադարձություն, որն արդեն տեղի ունեցավ երեկոյան:
ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Նոր Նորքի բաժնի դիմաց մի քանի ժամ սպառնալիքներ հնչեցրած նռնակով զինված քաղաքացին Կոտայքի մարզի Զառ համայնքի բնակիչ Ստեփան Հովակիմյանն էր: Վերջինս Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից և գաղափարակից է:
Նա էլ վնասազերծվեց և ձերբակալվեց ԱԱԾ ծառայողների կողմից:
Հայաստանի շուրջ արտաքին մարտահրավերներն ահագնանում են ու գործող իշխանություններն անզոր են չեզոքացնել դրանք, մյուս կողմից՝ երկրի ներսում նկատվում են ամենաթողության և քաոսի ակնհայտ նշաններ:
Հնարավորությունների պատուհանը շատ փոքր է:
Եթե մի քանի ամսվա ընթացքում չհաջողվի քաղաքական լուծումներ գտնել, դրսից մեր պետականությունը լափելու է թշնամին, ներսից՝ քաոսն ու պետական ինստիտուտների չգոյությունը:
Ու նաև՝ տարբեր «ծռախառն» «եղբայրությունների» «հայրենասիրության» միակ մոտիվը Փաշինյանի առաջիկա ռեպրեսիաները լեգիտիմացնելն է:
Թիրախում, բնականաբար, լինելու են իրական ընդդիմադիրները:
Վահրամ Բագրատյան