Փաշինյանի հերթական շրջադարձը կամ վերադարձ ի շրջանս յուր

Փաշինյանի հերթական շրջադարձը կամ վերադարձ  ի շրջանս յուր

Ուրբաթ օրը, հայկական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Ի դեպ, այն երրորդն է՝ փետրվարի 23-ից սկսած, ու ակնհայտորեն՝ միտված է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի բաղադրիչի վերացմանը:

Ուշագրավ է, որ եթե Երևանի տարածած հաղորդագրությունն ընդհանուր բնույթ ունի, ապա Կրեմլի տեքստը շատ ավելի հասցեական է ու մասնավորապես ծանուցում է, որ «Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»։

Սա առնվազն ուշագրավ դիտարկում է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բանակցությունների բրյուսելյան հարթակը հայտնվել է փակուղում ու անգամ դրա ջատագով Նիկոլ Փաշինյանն էր վերջին ասուլիսում բաց տեքստով բողոքում արևմտյան միջնորդներից:

Այլ խոսքով, Փաշինյանի «ռոմանտիկ» պատրանքները բախվել են արևմտյան պրագմատիզմին, ու նա հասկացել է, որ պակաս ռիսկային է խաղը շարունակել ռուսական դաշտում:

Մանավանդ, որ կողմնորոշվելու հարցում Փաշինյանին «օգնել» է Մոսկվան, որը հայկական կաթնամթերքի ռուսական ուղղության վրա արգելք սահմանելով՝ հասկացրեց, որ Հայաստանի ճամբարափոխությունը չի հանդուրժելու:

Այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը քաոտիկ է ու դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա նրա ձախողված խաղի ռուսական պարտիան:

Վահրամ Բագրատյան