Քննիչ հանձնաժողովին հաշված օրեր են մնացել, Ե՛վ տուն են գնել, և՛ վարձի փոխհատուցում են ստանում. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատախազության համակարգից ահազանգեր են գալիս առ այն, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ ազատում է պաշտոններից, որպեսզի նրանք հետագայում թոշակ չստանան:
Մասնավորապես՝ համակարգում կան դատախազներ, որոնց թոշակի գնալուն դեռ 5-6 ամիս ժամանակ կա, սակայն նրանք արդեն ազատվել են պաշտոնից: Իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ պահանջեց ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Դատախազությունում Ձեր կողմից նշված նպատակով ազատումներ չեն լինում: Եթե լինում են ազատումներ (որոնց մասին Գլխավոր դատախազությունը մշտապես իրազեկում է), ապա դրանք տեղի են ունենում բացառապես «Դատախազության մասին» օրենքով նախատեսված հիմքերով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մի քանի օրից լրանում է, սակայն ՔՊ-ական հանձնաժողովականներն այլեւս չեն շտապում «հարցաքննության» կանչել որեւէ նախկին կամ ներկա պաշտոնյայի։
Հիշեցնենք․ 2023 թ. մայիսի 3-ին երկրորդ անգամ էր 6 ամսով երկարաձգվել 2020 թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Այսինքն՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին լրանում է։
Հանձնաժողովի վերջին հյուրը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր, նախատեսում էին տեսակապով հարցաքննել ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ով ադրբեջանական գերության մեջ է ավելի քան մեկ ամիս, ինչպես նաեւ՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Սակայն Արցախը հանձնելուց հետո ՔՊ-ականներն էլ թերեւս հասկացել են, որ զավեշտի ժանրից է լինելու 20 թվի պարտության մեղավորներ հռչակելը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում էր կայացրել՝ չմասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստերին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը դրամատիկ բացահայտումների է հանգեցնում: Պատգամավոր Միքայել Թումասյանի ընտանիքն ապրում է տարեկան 2 մլն դրամով. իր կյանքի ամենաեռանդուն 17 տարիներին՝ բանակից զորացրվելուց հետո, նա որեւէ տեղ չի աշխատել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անհայտ պատգամավոր Միքայել Թումասյանը համալսարանն ավարտելուց հետո 6 տարի անգործության էր մատնված: Նա աշխատանք է ունեցել միայն 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
Մինչ 2018 թվականի հեղափոխությունը Թումասյանի կենսագրությունում կա 3 կետ. ծնվել է 1980 թվականին, 1999-2001 թվականներին՝ 19 տարեկանից, անցել է զինվորական ծառայության եւ 32 տարեկանում՝ 2012 թվականին, ավարտել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի՝ արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ֆակուլտետը:
Իսկ, ահա, հեղափոխությունից հետո կենսագրություն չունեցող Թումասյանի կյանքը գլխիվայր շուռ է եկել. 2018 թվականին նա դարձել է ՔՊ կուսակցության անդամ եւ նշանակվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար՝ աշխատելով մինչեւ 2021 թվականը։ Որեւէ տեղ չաշխատած Միքայել Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելիս ունեցել է 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 Nissan Altima մակնիշի մեքենա եւ 11 մլն դրամական միջոց, սակայն եկամտի աղբյուրներ նշված չկան:
Որտեղի՞ց գործազուրկ Թումասյանին այդ միջոցները՝ անհայտ է մնում: Այժմ Թումասյանը ունի մեկ անհատական բնակելի տուն եւ 7 մլն դրամ էլ՝ որպես աշխատանքի վարձատրություն, որը ստանում է Ազգային ժողովի աշխատակազմից։ Թումասյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 763 հազար դրամ։ Բայց պատգամավորը նաեւ վարկ ունի, որի մարմանը 2022 թվականի ընթացքում ուղղել է 5 մլն 545 հազար դրամ:
Եվ հարց է առաջանում, թե ինչպես է ապրում Թումասյանի ընտանիքը տարեկան 2 մլն դրամով. այսինքն՝ օրական 5 հազար 400 դրամով: Գուցե պատկերացում լինի, թե կնոջ եկամուտներն են ծածկել անհրաժեշտ ծախսերը, բայց՝ ոչ. Թումասյանի կինն էլ գործազուրկ է: Բայց Տատյանա Մալկովան հայտարարագրել է 2010 թվականի արտադրության Porsche մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն էր։
Կինը, չունենալով ոչ մի եկամուտ, աշխատանք, նաեւ հայտարարագրել է 57 հազար 500 դոլար կանխիկ դրամական միջոց: Նկատենք, որ պատգամավորի կինն էլ եկամտի որեւէ աղբյուր չի նշել։ Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հստակ անելիք ունի այս ուղղությամբ: Ապօրինի գույքի փնտրտուքը միայն թիրախավորված նախկինների շրջանում չէ, որ պետք է փնտրել:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ապա այն ամբողջությամբ մատնված է պարապուրդի: Հայկուհի Հարությունյանը չի համարձակվում որեւէ ՔՊ-ականի մասով որեւէ գործողություն ձեռնարկել՝ իր պաշտոնեական պարտականություններից բխող։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նեղ կազմին ասել է, որ չեղարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով սահմանվում է ճանապարհների ապաշրջափակում եւ նշվում, որ «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Տեւական ժամանակ է՝ Փաշինյանն այդ մասին թափանցիկ ակնարկներ էր անում, տողատակերում փորձում ասելիքը տեղ հասցնել, սակայն նախօրեին՝ 2024 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նա գրեթե բաց տեքստով հայտարարեց այդ մասին՝ ասելով, որ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում է ստեղծվելու, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է լինելու։
«Հիմա մի գործընթացի մեջ ենք, որ ԱԱԾ կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն է լինելու։ Բացի այս, երկրի ողջ տարածքով գործարկեցինք պարեկային ոստիկանությունը, որի կարեւորագույն խնդիրների մեջ է մտնում նաեւ կոմունիկացիաների, անձանց, բեռների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անցումը հանրապետության տարածքով»,- ասել է նա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այսօր մեզ փոխանցեց իր վրդովմունքը, թե «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել, որ ինքը տուն է գնել ու միաժամանակ ԱԺ-ից տան վարձավճար է ստացել: «Սու՛տ. հերյուրանքներ եք գրել: Ես եւ Արփին (նկատի ուներ Արփի Դավոյանին), երբ բնակարան ենք գնել, այլեւս տան վարձավճար չենք ստացել…», – ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց պատգամավորը:
Կրկին ուսումնասիրեցինք փաստաթղթերը, ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցման պատասխանները, եւ պարզեցինք, որ Լիլիթ Ստեփանյանը 2019 թվականից մինչեւ 2022 թվականը, ամեն ամիս տան վարձավճարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ նա 2020-ի ապրիլի 1-ին տուն է գնել, բայց ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին նաեւ տան վարձի գումար է ստացել պետբյուջեից: Իսկ Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչեւ 2023 թվական՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից: Այսինքն՝ 2021 թվականին ե՛ւ տուն է գնել, ե՛ւ տան վարձավճար է ստանում:
Եվ մեզ մնում է միայն հավելել, որ ստում էր պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, երբ ասում էր, թե` ես եւ Արփին տուն գնելուց հետո վարձավճարի փոխհատուցում չենք ստացել: Ստացե՛լ եք:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ կան պաշտոնական փաստաթղթեր, որոնք ստացել ենք ՀՀ Ազգային ժողովի լրատվական վարչությունից: