Ծեծը «ջրվեց»

Ծեծը «ջրվեց»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝  ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ով կոնկրետ քրեական գործով անպատիժ մնաց, որովհետև «հավատարմորեն» ծառայում է Փաշինյանին: 

Գործը կարճվեց 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործը կարճվել է։ Իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չի քննվել, և պատգամավոր Աղազարյանը չի պատժվել իր վարքի համար։ «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված է պաշտոնական հաղորդագրության տեքստում: 

Անպատիժ իշխանավորները 

Հայաստանում ստեղծվել է արատավոր մի համակարգ: Օրենքը կիրառվում է միայն ընդդիմախոսների ու սովորական քաղաքացիների նկատմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանի յուրայինները դրվում են օրենքից վեր:

Օրինակ, ԱԺ նախագահը կարող է թքել քաղաքացու վրա ու մնալ անպատիժ, մարզային ու համայնքային նշանակության պաշտոնյաները ծեծում են քաղաքացիների ու անազատության մեջ չեն անցկացնում նույնիսկ մեկ օր:
Հայաստանը մոտենում է Մուսոլինիի Իտալիայի չափանիշներին՝ պոպուլիստական վարչակազմով, որն աչքի է ընկնում երկակի ստանդարտներով:

Վահրամ Բագրատյան