Տղամարդը զանգահարել է տարբեր անձանց, ներկայացել որպես բանկի աշխատակից ու վարկեր ձևակերպել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննությամբ հիմնավորվել է, որ 36-ամյա տղամարդը՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով տարբեր անձանց և ներկայանալով որպես Հայաստանում գործող բանկի աշխատակից, տարբեր պատրվակներով խնդրել է վերջիններիս տրամադրել իրենց անձնական տվյալները և հասանելիություն ստանալով նշված անձանց էլեկտրոնային դրամապանակներին, դրանց միջոցով վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և նրանց էլեկտրոնային դրամապանակին կցված բանկային քարտերից կատարել ընդհանուր 3.993.800 ՀՀ դրամ հափշտակություն, որից հետո գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին հափշտակել է այն:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայության միջոցով, իրականացրել է երթեր, որոնց ընթացքում, տարբեր պատրվակներով տիրացել է ավտոմեքենաների վարորդների անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակների տվյալներին, ինչից հետո այդ դրամապանակների օգտագործմամբ վարորդների անվամբ տարբեր ընկերություններում առցանց եղանակով ձևակերպելով վարկային պայմանագրեր հափշտակել է շուրջ 1.157.800 ՀՀ դրամ: