Երևանի անհայտ ճակատագիրը, Լուրջ տարաձայնություններ՝ Ազգային կոմիտեում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հոկտեմբերի 10-ին նախատեսված է Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի Երեւանի նոր քաղաքապետ, քանի որ որեւէ ուժ չի ստացել 50%+1 ձայն:
Նշենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, եթե որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:
Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։ Ըստ օրենքի՝ եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք, եւ արդյոք կառաջադրեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման իրավիճակում մեր կուսակցությունը համենայնդեպս մոտակա մեկ շաբաթը չի կարող որեւէ հայտարարություն անել, քանի որ այդ մասով որեւէ քննարկում չունենք: Երբ գա հոկտեմբերի 10-ը, դրանից 1-2 օր առաջ կանենք քաղխորհրդի նիստ, կորոշենք»:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր առաջին դեմքի՝ Հայկ Մարությանի հետ գտնվում է ընդհատակում՝ որեւէ կերպ չարձագանքելով զանգերին: Նույն իրավիճակում է նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, սակայն հրապարակային ելույթներում, կարծես թե, նրա դիրքորոշումը՝ իշխող քաղաքական ուժի հետ կապված, պարզ է. հավելյալ մանրամասներ նրանց կողմից հայտնի չէ:
«Հանրային ձայն» կուսակցությունից Տիգրան Ուլիխանյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս շարունակում է լռելյայն ապրել. նրանց էլ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու է:
Թե ինչ ճակատագիր կունենա Երեւանը, դեռեւս մնում է անհայտ. անհայտությունը կարծես դուր է գալիս նաեւ ավագանու անդամներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Սեպտեմբերի 19-ից մայրաքաղաք Երեւանում բողոքի ակցիաները իրարանցում են ստեղծել իրավապահ համակարգում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները այնքան են տարված եղել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված, կալանավորված անձանց գործերով, որ մոռացել են ընթացիկ քրեական գործերը, վերջին րոպեներին են մտել դատարաններ այլ գործերով անազատության մեջ գտնվող անձանց կալանքը երկարացնելու հարցով։
Ավելին՝ որոշ դատարաններում անգամ դատական նիստերը չեն կայացել, քանի որ կալանավորներին չեն տարել դատարան՝ պատճառաբանելով, թե ուղեկցող ոստիկաններ չկան, քանի որ ոստիկանները տարված են եղել քաղաքացիներին բերման ենթարկելով, ժամանակ չի եղել կալանավորներով զբաղվելու:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում.
«Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով եւ անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Նկատի առնելով նշվածը՝ այսօր, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է»։
Ընդ որում՝ չի նշվում, թե երբ է հաջորդ հանրահավաքը` հաջորդ հավաքի «օրվա եւ ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն», չնայած «Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձեւավորվելու է ժողովրդի եւ պետության անվտանգությունն ապահովող ազգային իշխանություն»։
Հիշեցնենք, որ կոմիտեի կազմում են Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թեւանյանը եւ Ավետիք Չալաբյանը։
Երեկ մարդիկ դժգոհում էին, որ հանրահավաքի չեղարկման պատճառներն անհիմն են, պետք է հավաքվել եւ հենց հրապարակում որոշել՝ ինչպես օգնել մեր հայրենակիցներին: Կար կարծիք, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ կոմիտեն չունի ասելիք, ելույթներն ու գործողությունները դեժավյու են առաջացնում: Ոմանք ասում էին, որ 5 հոգով ազգի ճակատագիրը վճռելու իրավունք չունեն, եւ անգամ «Ազգային կոմիտեն ապազգային է»։
Մենք տեղեկացանք, որ Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել, մեղադրել են մեկմեկու, մեկին գործընկերոջ հռետորիկան դուր չի եկել, մյուսին՝ անհասցեականությունը։ Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել` քայլելով մաշեցնելու են շարժումը: Բայց մյուսները վախեցել են պատասխանատվություն վերցնել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն աթոռի արյուն թափելու, բայց այդ արյունն իրենց վրա է մնալու:
Քննադատել են Ավետիք Չալաբյանին` Փաշինյանին անվանական չքննադատելու համար, Թեւանյանի ելույթում են թերություններ հայտնաբերել: Մի խոսքով՝ անգամ կոմիտեի փոքր կազմը երաշխիք չէ, որ հայերն ընդհանուր հայտարարի կգան, ինչն էլ դարձել է հանրահավաքը հետաձգելու պատճառ»:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեպետ ՔՊ-ական պատգամավորները խրոխտ գրառումներով ու հայտարարություններով են հանդես գալիս՝ Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ կատարվածը բարդում Ռուսաստանի եւ 5-րդ շարասյան վրա, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ, սեպտեմբերի 19-ից սկսած, նրանց մեծ մասը վախենում է փողոց դուրս գալ: Անգամ իրենց սիրած ռեստորաններ, ժամանցի գողտրիկ վայրեր այցելելու համարձակություն չունեն։
Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում։ Երբ համոզվեն, որ արդեն անվտանգ է, դուրս կգան բներից ու բունկերներից»: