Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը, 2022 թվականին նոր շարք սկսելով, ներկայացրել է 160 սուտ եւ մանիպուլյացիա, որն այս տարվա ընթացքում հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի տարեվերջյան համարն է, եւ քանի որ Լաչինի միջանցքն արդեն 10 օր է՝ շրջափակման մեջ է, որոշեցինք առանձնացնել մի քանի ստեր, որոնք վերաբերում են հենց Արցախին եւ այդ հարցի կարգավորմանը:

Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:

Իրականությունը, սակայն, այն է, որ դեռեւս 2007թ.-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Մեկ անգամ էլ ԱԺ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ, իր կարծիքով, այն ուժերը, որոնք 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու մտադրության համար, 20 տարի անց հանգեցին նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ հիպերփուլային լուծման տարբերակը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով եւ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկին գտնվել է ՀՀ դատավորներից մեկի բնակարանից:

«Հրապարակ» թերթը գրում է. 

Շրջափակված Արցախի քթի տակ՝ Սիսիանում, ՔՊ-ն նախընտրական անցուդարձի մեջ է։ Վերջին ՏԻՄ ընտրություններով ՔՊ-ն չկարողացավ զավթել Սիսիանը, փորձելու է դա անել եկող տարվա մարտին՝ նոր ընտրություններով, որին պատրաստվում է հիմիկվանից։ Տեղի կուսակցական մի թեւը՝ ՔՊ-ական Արսեն Ավագյանի գլխավորությամբ, ընդվզում է Արմեն Հակոբջանյանի առաջադրմանը եւ համարում, որ ՔՊ-ի ֆիասկոն նրանով էր պայմանավորված․ եթե Հակոբջանյանի փոխարեն մեկ ուրիշը գլխավորեր ՔՊ ցուցակը, հաղթանակն անխուսափելի կլիներ։ Սակայն, ըստ ամենայնի, հենց Հակոբջանյանն էլ մարտին կգլխավորի ՔՊ ցուցակը, քանի որ վերջինս Սիսիանում «ասիչ» ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է։ 

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Սասնա ծռերը» որոշել են եկող տարեսկզբից՝ հունվարի 2-ից սկսած, շուրջօրյա հավաքներ ու երթեր իրականացնել եւ արդեն «բրոնյա» են արել միաժամանակ ե՛ւ Ազատության հրապարակը, ե՛ւ Մատենադարանին հարող տարածքը՝ հունվարի 2-21-ը։ 

«Հրապարակ» թերթը գրում է. 

Ադրբեջանցիների կողմից Արցախը շրջափակելու տասներորդ օրը՝ նախօրեին, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր կաբինետի առաջին անդամին նշանակեց` առողջապահության նախարարի պաշտոնում Արցախի նախագահին ներկայացնելով ոլորտի հնաբնակներից մեկին` Երեւանի բժշկական համալսարանի դասախոս Սամվել Ավետիսյանին, եւ նույն օրն էլ նրան ներկայացրեց նախարարության աշխատակազմին։ Մենք հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է Հայաստանում բնակվող Ավետիսյանը հասել «փակ» Արցախ: Պետնախարարի աշխատակազմի ղեկավար Սամվել Բալայանը մեզ փոխանցեց. «Պարոն Ավետիսյանը դեկտեմբերի 8-ից Արցախում է, զբաղված էր ոլորտի ուսումնասիրությամբ, ուստի տեղափոխվելու կարիք չկար»։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել եւ որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած համագումարից հետո լարվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը որեւէ կերպ չի հաշտվում կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծարարության հետ, ինչից հետո վարչության անդամները փոփոխվել էին: Համենայնդեպս, թիմակիցների հետ հանդիպումներին միշտ հիշեցնում է այդ մասին:

«Հրապարակ» թերթը գրում է. 

Ժաննա Անդրեասյանի՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել նրա նախկին՝ հանրակրթության բլոկը համակարգող փոխնախարարի պաշտոնը։ Եվ հիմա այդ բլոկի աշխատակիցները շունչը պահած սպասում են, թե ով է նշանակվելու այդտեղ։ Համակարգում լուրեր են շրջանառվում, թե հավակնորդներից մեկը ՔՊ-ական պատգամավոր, հրազդանցի Լիլիթ Ստեփանյանն է, ում քաղաքականություն եւ ԱԺ է բերել Սասուն Միքայելյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է

Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչեւ տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի: