Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցի «տողատակը»

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, «որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին», ասված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի` Բրյուսելում նախատեսված հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ:
Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ չնայած Բաքվի հիմնավոր մտահոգություններին, ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն:
Առանց այդ զանգի էլ բոլորի համար պարզ էր, որ Արևմուտքը չի կարող և չի լինելու Հայաստանի դաշնակիցն ընդդեմ Ադրբեջանի:
Նման պատրանքներով կարող են միայն մեր պսևդոարևմտամետներն ապրել:
Ուրեմն, ինչո՞ւ է Բլինքենի մոտ առաջացել Ալիևին զանգելու անհրաժեշտությունը:
Տողատակում, անշուշտ, Իրանի շուրջ կատարվող բուռն իրադարձություններն են, որոնք արևմտյան որոշակի շրջանակներում, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում և Իսրայելում, շեշտակի բարձրացրել են Իրանի կարևորությունը:
Այս հանգամանքը Հայաստանի համար նոր մարտահրավերներ է ստեղծում, մանավանդ, որ Ալիևը փորձում է առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից:
Վահրամ Բագրատյան