Արդյո՞ք հնարավոր է նոր հանդիպում Բրյուսելում 

Արդյո՞ք հնարավոր է նոր հանդիպում Բրյուսելում 

Հայաստանի համար անցած շաբաթավերջը «եվրոպական» էր. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցում էր Խաղաղության համաժողովին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մի շարք, այսպես կոչված, արևմտամետների հետ Բրյուսելում էր, որտեղ գրեթե ամբողջովին հայկական լսարանի առջև քննարկում էր Հայաստան- ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը:

Թերևս, այս «հավատարմության» համար Բրյուսելից որոշեցին «հայանպաստ» մի արտահոսք կազմակերպել:

Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։

Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան հաջորդ ամիս, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Բրյուսելյան աղբյուրը միաժամանակ որոշ փակագծեր է բացել այդ բանակցություններից՝ մանրամասնելով, որ դրանց օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։ 

Ինչպես տեսնում ենք, Բրյուսելում դեռևս չի հաջողվել համոզել Ալիևին. հակառակ դեպքում՝ պաշտոնական հաղորդագրություն կլիներ ու կխոսվեր ավելի կոնկրետ ժամկետների մասին: Բացի այդ, եթե անգամ Ալիևն ընդունի Միշելի առաջարկությունը, դա փաստացի տեղի է ունենալու մեր շահերի հաշվին, որովհետև Փաշինյանը եվրոպական հարթակում նույնպես քննարկելու է «Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը»:

«Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը»,- ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Եթե ստրատեգիական կողմնորոշում չենք փոխում, ինչպես հայտարարել է Փաշինյանը, ԱԽ քարտուղարն ինչո՞ւ է համաշխարհային տուրբուլենտության պայմաններում կոնկրետ հարթակ նշում, մանավանդ, եթե տարածաշրջանային բոլոր դերակատարները հակամարտությունը ռեգիոնալացնելու միտում ունեն:

Հայաստանը Բրյուսելում փնտրում է մի բան բան, որ այնտեղ նրան տալ չեն կարող:

Վահրամ Բագրատյան