Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայ ռազմագերիներին․ մանրամասներ
2022-ի սեպտեմբերին հայ ռազմագերիների գնդակահարության մասին մենք դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ չորս գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան։
«Առաջինը վերաբերում է 2020-ի պատերազմին հաջորդած երկու ամիսների դեպքերին՝ հիմնականում դեկտեմբեր-հունվար ամիսներ, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց ապօրինի դատավարություններին, երրորդը՝ ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայությանն է վերաբերում, ինչպես նաև գերիների գնդակահարության դեպքերին, իսկ չորրորդը վերաբերում է Փառուխի և Քարագլխի դեպքերին, Լաչինի միջանցքի փակմանը»,- ներկայացրեց Կիրակոսյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների ճակատագրին, ապա Կիրակոսյանն ասաց, որ կան տղաներ, որոնց նկատմամբ ընդունված ապօրինի վճիռների ժամկետները լրացել են։
«Բայց, ցավոք սրտի, նրանք շարունակում են այնտեղ մնալ։ Սա էլ է ցույց տալիս, որ Ադրբեջանի դատարանի վճիռներն ապօրինի էին։ Իրավական առումով այս պահին լրացուցիչ անելիք չունենք։ Բայց պետք է նշենք, որ այդ 33-ից բացի կան բռնի անհետացման դեպքեր, կան անհետ կորածներ։ Բռնի անհետացման դեպքերով էլ հարցը տարբեր հարթակներում բարձրացնում ենք։ Մենք ունենք ապացույցներ, որ մեր տղաներից ոմանք հայտնվել են ադրբեջանական զինվորների վերահսկողության ներքո ու նրանցից այլևս լուր չենք ստացել»,- նշեց Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։