Ո՞ր պաշտոնյան է կեղծ էջով կեղծ լուրեր տարածել Արցախում

Պարզվում է, որ Արցախում կան պաշտոնյաներ, որոնք սոցցանցերում կեղծ էջերով ապատեղեկատվություն են տարածել։
Արցախում՝ ճգնաժամի ֆոնին, «ներքաղաքական ինտրիգներ ու իրարանցում է», հիմնականում՝ մամուլում, սոցցանցերում։ Տպավորություն է, թե «քաղաքական վեճերից» բոլորը տեղյակ են, բացի այն մարդկանցից, որոնց անունները հենց շոշափվում են։
MediaHub-ը բազմիցս խոսել է արցախյան պաշտոնյանների հետ, վերջիններս, բնականաբար, հերքել են այդ լուրերը։
Արցախի ԱԱԾ-ն երեկ հայտնեց, որ հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան Artur Baghdasaryan անունով էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, ներկայացված է կեղծանվամբ ու օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից:
MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հիշատակվող պաշտոնատար անձը Անվտանգության խորհրդի աշխատակից է և, հավանաբար, վարչության պետ։
Տվյալ անձը Արցախի ԱԱԾ-ում խոստովանել է, որ կեղծ էջում տարբեր մարդկանց վերագրվող գործողությունների մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, այդ գրառումները կատարվել են անձնական նպատակներով:
Թե իրականում ո՞ւմ շահերն է փորձել առաջ տանել այդ պաշտոնատար անձը, դեռ պարզ չէ։
Սակայն ինչպես Արցախի ԱԱԾ-ն էր ավելի վաղ գրել՝ շարունակելու են այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք միտված են բացառապես Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելուն։
Ի դեպ, այս պահի դրությամբ մեզ չհաջողվեց ճշտել՝ կեղծ լուրեր տարածքող անձը շարունակում է պաշտոնավարել, թե ոչ:
Լիաննա Թորոսյան