Ո՞ւմ է մեղադրում Փաշինյանը

Ո՞ւմ է մեղադրում Փաշինյանը

Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության համար Հայաստանի վարչապետը դարձյալ անհրաժեշտ է համարում միջազգային հուսալի մեխանիզմների ստեղծումը։

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է հուսալի միջազգային մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու ու Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։ Եվ սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ», - ասել է Փաշինյանը՝ կառավարության երեկվա նիստում։

Տեսականորեն Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է ասում, սակայն անտեսում է կարևոր մի հանգամանք՝ հենց իր քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ միջազգային ներգրավվածություն գոյություն չունի Երևանի և Ստեփանակերտի դիալոգում:

Անցած տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրեց հայտնի քառակողմ հայտարարությունը, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրա դիմաց ստանալով ոչ համարժեք երաշխիքներ:

Իհարկե, այդ հայտարարությամբ երաշխավորվեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունն, ինչը թեև կարևոր է, եթե հաշվի առնենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային վակուումը, բայց համարժեք բոնուս չէ, եթե նկատի ունենանք այն կարևոր «ձեռքբերումը», որ Ադրբեջանը ստացավ Պրահայի հայտարարությամբ:

Երբ Փաշինյանը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա պետք է փաստաթղթային երաշխիքներ ստանար Արցախի որոշակի սուբեկտության, նրա ժողովրդի անվտանգության համար: Փաշինյանը դա չի արել ու հիմա հուսահատ փորձեր է անում՝ իրավիճակը փրկելու համար:

Վահրամ Բագրատյան