«Ցուլերին» ավելանալու է «արջը» 

«Ցուլերին» ավելանալու է «արջը» 

Երեկ հարցազրույց է տվել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու, ըստ էության, հաստատել է այն, ինչը վերջին օրերին Հայաստանի իշխանության վերնախավի «սիրելի» թեման էր:

«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որի մասին ՌԴ-ին տեղյակ է պահվել պաշտոնական նամակով։ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը»,- ասել է Արմեն Գրիգորյանը` «Զվարթնոցից» ռուս սահմանապահների հեռացման մասին:

Արդյո՞ք պաշտոնական Երևանը կսահմանափակվի միայն օդանավակայանով, թե սկիզբ է դրվել ռուսական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու բազմափուլ գործընթացին, որի վերջնական նպատակը երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելն ու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է:

Գրեթե վստահ ենք, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, մանավանդ, որ Գրիգորյանը այս ճեպազրույցում ցուցադրական հակառուսական շեշտադրումներ է անում:

«Էտ մե՞նք ենք արևմտամետ, թե՞ էն մարդիկ, ովքեր որոշել են սկսել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդ պատերազմի պատճառով ՆԱՏՕ-ն ավելի ընդլայնվեց ու ուժեղացավ, ԵՄ-ն միասնական դարձավ, ԱՄՆ-ի ռազմարդյունաբերությունը սկսեց մեծ թափով զարգանալ։ Հիմա ո՞վ է արևմտամետը»,- ասել է նա:

Մարդ պետք է ընդգծված ամբարտավանություն ունենա՝ սեփական երկրի անվտանգության համակարգը խարխլելուց հետո, ռուս-ուկրաինական պատերազմի մեջ «քիթը խոթելու» համար: Այդ պատերազմի հետևանքների մասին Արմեն Գրիգորյանի պնդումները տարակուսելի են հատկապես, երբ ծանոթանում ենք Արևմուտքի ակադեմիական շրջանակների տրամագծորեն հակառակ փորձագիտական կարիքներին: Հայաստանի ԱԽ քարտուղարը մնացել է արևմտյան լիբերալ շրջանակների քարոզչական «դոզայի» տակ:

Մնում է ենթադրել՝ ինչպիսին է լինելու Ռուսաստանի հակազդեցությունը:

Վահրամ Բագրատյան