Կուտականը սահմանապահ գյուղ չէ․ Գեղարքունիքի մարզպետ 

Կուտականը սահմանապահ գյուղ չէ․ Գեղարքունիքի մարզպետ 

Հայաստանի սահմանապահ գյուղերը կառավարության ուշադրության կենտրոնում են։ Բյուջեի քննարկման ժանանակ էլ մի քանի անգամ հայտարարվեց, որ մարդիկ, որոնք ապրում են սահմանապահ գյուղերում, կշարունակեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրից, համաձայն որի՝ պետությանը փոխհատուցում է սահմանապահ համայնքներում բնակվողների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի սակագնի 50 տոկոսը։

Գեղարքունիքի վեց սահմանապահ համայնքներ՝ Վերին Շորժա, Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք, Ազատ ևս կօգտվեն այս ծրագրից։ Նշենք նաև, որ գույքահարկից վճարելուց ևս ազատվել են այս համայնքի բնակիչները։

 «Զարմանալի է, որ Կուտականն այս ծրագրում ներառված չէ, երբ թշնամին մեր գյուղի վերջին տնից ընդամենը մեկ կմ հեռավորության վրա է։ Ինչո՞ւ պիտի մենք այս աջակցության ծրագրից չօգտվենք։ Թշնամուն դեմ-հանդիման ապրում ենք, բայց որևէ աջակցությունից չենք օգտվում»,- MediaHub.am-ին ահազանգում է Կուտականի բնակիչներից մեկը, որը հետևել է ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանն ու իրենց գյուղի անունը չի տեսել աջակցություն ստացողների ցանկում։ 

MediaHub.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նման խնդիր առաջացել։ 

«Այն, որ թշնամին ներխուժել է մեր պետական սահման ու մեր տարածք, չի նշանակում, որ սահմանն այդպես է գծվում։ Հաշվի առնելով, որ մեր պետական սահմանը գտնվում է ոչ թե այն տեղում, որտեղ հիմա ադրբեջանցիները կանգնած են, այլ մի քանի կմ ավելի հեռու, մենք այդ համայնքը չենք ներառել սահմանապահների մեջ»,- ասաց Կարեն Սարգսյանը։ 

Նարե Գնունի