Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններն այս օրերին լուրջ քննություն են սկսել սեպտեմբերի 13-ին եւ 14-ին սկսված պատերազմի գործողությունների մասով: Քննչական մարմինները լծվել են զորամասերի անձնակազմին հարցաքննելու գործին եւ փորձում են հասկանալ, թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ երկու օրվա մեջ հակառակորդն այդքան դիրքային առավելություն ունեցավ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրած եղել, որի 14 եւ 15 կետերը խնդրահարույց են եղել երկու կողմերի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին:
Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով եւ անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն են լինելու փչացող ապրանքներ, երկրորդ տեղում՝ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ, դեղագործական արտադրանք:
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» եւ պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխող ՔՊ-ում «հետընտրական ռազբորկաներ» են սկսվել։ Շաբաթ օրը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ նոր վարչություն ընտրվեց։ Ընտրությունների արդյունքները ՔՊ-ում ոմանց մոտ կասկածներ են հարուցել, մասնավորապես, որոշ ՔՊ-ականներ կասկած ունեն, որ հաշվարկը ճիշտ չի կատարվել, եւ իրենց օգտին տրված քվեները հաշվել են ուրիշների օգտին, որպեսզի Փաշինյանի ճաշակով վարչություն ձեւավորվի։
«Հրապարակ» թերթը գրում է․
«Հայաստան» խմբակցությունը երեկ փակ հանդիպում է արել եւ քննարկել նոյեմբերի 5-ի հանրահավաքի կազմակերպչական հարցերը։ Հիմնական մտահոգությունը եղել է հնարավորինս շատ մասնակցություն ապահովելը, ուստի հանձնարարվել է, որ ակտիվ քարոզչական աշխատանքներ տարվեն՝ մարդկանց հրապարակ բերելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին Էդգար Ղազարյանին ԱԺ բակից ոստիկանների բերման ենթարկելու գործով քրեական վարույթ է սկսվել, Ղազարյանը ճանաչվել է տուժող։
Ինչ վերաբերում է մյուս գործին, որով Էդգար Ղազարյանը տուժող է ճանաչվել, դեռ որեւէ առաջընթաց չկա։ Խոսքը Ղազարյանին իրենց բակում 2 անձի կողմից ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրգործի մասին է։
Այդ գործով մինչ այժմ մեղադրյալներ ներգրավված չեն, նույնիսկ վարույթն իրականացնող մարմնի համար «անհայտ» է, թե ովքեր են եղել ծեծողները՝ այն դեպքում, երբ այդ տարածքում մի քանի տեսախցիկներ կան եւ անգամ՝ ականատես վկա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2020 թվականի մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ այն ժամանակ չէր խուսափում լրագրողների հետ շփումներից, մամուլի ասուլիսներ էր կազմակերպում, ասուլիսից առաջ, ավանդույթի ուժով 100 փաստ էր ներկայացնում՝ գովելով թե՛ իրեն, թե՛ իր ներկայացրած կաբինետը։
Այդ օրվա ասուլիսի 92-րդ փաստն այն մասին էր, որ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ «Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում»,- ասում էր նա։
Այդ հայտարարություններից հետո իրավապահ համակարգի որեւէ կառույց դրանք չի ուսումնասիրել, ու Փաշինյանի խոստացած՝ օրենքի տառին համապատասխան վերոնշյալ՝ բացահայտ բռնության կոչեր պարունակող արտահայտությունները քննության առարկա անգամ չեն դարձել։ Եվ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել Արցախում Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակման վերաբերյալ: Այսպիսով` վերջնականապես որոշված է, որ նա վաղը` նոյեմբերի 3-ին, կնշանակվի:
Եվ առաջին քայլը, ինչ պատրաստվում է անել Ռուբեն Վարդանյանը անմիջապես նշանակումից հետո, խորհրդարան գնալն է: