4 նոր հողամաս՝ ամառանոցային գոտում․ 341 հազար ռուբլի հանգստի համար․ պետբյուջեից 18 մլն 120 հազար դրամ եկամուտ․ Արսեն Թորոսյանի հայտարարագիրը

ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ամառանոցային գոտում 4 նոր հողամաս է գնել՝ երկուսը Արագածոտնում, երկուսը՝ Կոտայքում։ Այս մասին MediaHub.am-ը տեղականում է Թորոսյանի՝ 2022 թվականի մայիսի 30-ին ներկայացրած հայտարարագրից։
Ըստ տվյալների՝ Թորոսյանը հոկտեմբերին Արագածոտի Փարպի համայնքում երկու հողատարածք է գնել, մեկը 1 մլն 300 հազար դրամով, մյուսը 3 մլն 700 հազար դրամով։ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի երկու հողատարածք է գնել, մեկը հոկտեմբերին՝ 12 մլն 300 հազար դրամով, մյուսը նոյեմբերին՝ 2 մլն 700 հազար դրամով։ Հողատարածքներից ոչ մեկի ծավալն ու հեկտարը նշված չէ։
Թորոսյանի հայտարարագրում նշված է, որ 2021 թականի հուլիսի 25-ին վերջինս 2017 թվականի թողարկված BMW մակնիշի մեքենա է գնել 17 մլն 750 հազար դրամով, որը վաճառել է նոյեմբերի 17-ին՝ 16 մլն 400 հազար դրամով։
Բանկային հաշիվների մնացորդները՝ բացառությամբ ավանդների՝ նշել է տարվա սկզբում 2 մլն 855 հազար 304 դրամ, որը տարվա ավարտին դարձել է 12 մլն 463 հազար 550 դրամ։ ԱՄՆ դոլարով տարվա սկզբում ունեցել է 10 հազար 89 դոլար, տարվա ավարտին այն մոտ կրկնակի ավելացել է՝ դառնալով 20 հազար 31 դոլար։ Թորոսյանի եվրոյով բանկային հաշիվը տարվա սկզբում 10 հազար 462 է կազմել, որը ևս ավելացել է՝ դառնալով 30 հազար 995 եվրո։
2021 թվականին արդեն նախկին նախարարը ՀՀ ԱՆ-ից ստացել է 3 մլն 580 հազար դրամ աշխատավարձ, վարչապետի աշխատակազմից՝ 9 մլն 262 հազար, ԱԺ-ից 3 մլն 165 հազար, ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտից` 2 մլն 112 հազար դրամ աշխատավարձ։ Վերջինս Գևորգ Թորոսյանից նվիրատվություն է ստացել 9 մլն 520 հազար դրամ։ Որպես այլ եկամուտ` նշված է, որ Bank Austria 20 հազար 737 եվրո, իսկ ԴԱՀԿ-ից 579 հազար և 200 հազար դրամ։ Ընդհանուր՝ 28 մլն 419 հազար ՀՀ դրամ, և 20 հազար 737 եվրո։
Հանգստի համար Թորոսյանը ծախսել է ընդհանուր շուրջ 341 հազար ռուսական ռուբլի և 1094 եվրո։