Եկեղեցին՝ Փաշինյանի կանոններին հնազանդ․ ընդդիմությունն ու ՔՊ-ն չեն հանդիպի

Եկեղեցին՝ Փաշինյանի կանոններին հնազանդ․ ընդդիմությունն ու ՔՊ-ն չեն հանդիպի

Մայր Տաճարի վերաօծումը հոգևոր կարևոր իրադարձությունից վերածվում է քաղաքական խաղի։

Եվ դա այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրվել է նաև եկեղեցին ամեն կերպ սևացնող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որը եկեղեցին նույնականացնում է «վեղարով անբարոյականների հետ»։ Այն մարդիկ, որոնք արգելեցին Հանրայինով հեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը և քաշքշեցին նույն Վեհափառին և հոգևոր մյուս հայրերին՝ Սարդարապատի հուշահամալիր բարձրանալու ճանապարհին։

Ինչևէ․․․, եկեղեցին ներողամիտ գտնվեց ու ամենայն հարգանքով հրավիրեց թե՛ Փաշինյանին, թե՛ նրա նախարարներին և թե՛ այն պատգամավորներին, որոնք աջ ու ձախ հայհոյում էին եկեղեցու սպասավորներին։ Ավելին, հրավերը, մեր տեղեկություններով, հարմարեցվել է Փաշինյանի քմահաճույքին։ Այսպես, Մայր Տաճարի վերաօծմանը նվիրված միջոցառումներն իրականացվելու են երկու օրով․ սեպտեմբերի 28-ին տեղի է ունենալու Մյուռոնօրհնեքը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ տաճարի վերաօծումը։ Նիկոլ Փաշինյանը երկու օրերի միջոցառումներին մասնակցելու համար էլ հրավեր ստացել է․․․ մինչդեռ պատգամավորներին, խմբակցությունների ղեկավարներին եկեղեցին հրավիրել է մասնակցելու միայն Մյուռոնօրհնեքին։ Պատճառը զուտ տարածքի խնդիրն է․ Տաճարի չափերն ուղղակի թույլ չեն տալիս մեծ թվով հյուրեր կանչել։

Բայց սա չի խանգարել Նիկոլ Փաշինյանին պահանջել, որ ՔՊ-ականներն իր հետ մասնակցեն Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։ Այսինքն, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները հրավիրված են մասնակցելու Մյուռոնօրհնեքին, ապա, ինչպես հասկացանք, ՔՊ-ականները Փաշինյանի հետ մասնակցելու են Տաճարի բացման արարողությանը։ 

Այս ամենն ընդդիմությունը որևէ բացասական երանգով չի մեկնաբանում․ թերևս այն պատճառով, որ բարոյական չէ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն քննադատելը։ Ընդդիմադիրները մասնակցելու են Մյուռոնօրհնեքին։

«Ես գնալու եմ։ Ինձ համար միևնույն է՝ ով է լինելու եկեղեցում, Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ։ Ես իմ եկեղեցի եմ գնում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հրավիրված է մասնակցելու Մյուռոնօրհնեքին, և գնալու է։

Փաստացի, ընդդիմությունն ու իշխանությունը եկեղեցում հանդիպելու խնդիր չեն ունենալու, թեև եթե անգամ այդ խնդիրը լիներ, Փաշինյանի ներկայությունը որևէ մեկին չէր խանգարի․․․ բառի բուն իմաստով՝ ոչ ոքի, անգամ այն հոգևորականների, որոնք չեն թաքցնում իրենց վերաբերմունքը իշխանության նկատմամբ։

Նարե Գնունի