Բաքվի պատասխանը Փաշինյանի «խաղաղությանը»

Բաքվի պատասխանը Փաշինյանի «խաղաղությանը»

Արբեջանական զինուժի երեկվա դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Բաքուն ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին։

Ըստ Արցախի ոստիկանության՝ ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

«Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա», - ասված է կառույցի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։ Արցախից հերքում են ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տեղեկությունը:

Այսպիսով, գործ ունենք ադրբեջանական ծրագրված սադրանքի հետ, ինչի նպատակն առավել քան հստակ է՝ Արցախի ՊԲ կազմալուծում և Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում:
Տեղի ունեցածը, միևնույն ժամանակ, բացահայտում է Նիկոլ Փաշինյանի մարտավարության սնանկությունը:

Դեռ օրեր առաջ Փաշինյանը Գերմանիայում հայտարարում էր, թե արդարացված է ԼՂ խնդիրը հայ- ադրբեջանական հակամարտությունից տարանջատելը, խոսում էր Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի մասին:

Երեկ բոլորս տեսանք այդ մեխանիզմի «արդյունավետությունը»:

Ալիևը երեկ ապացուցեց, որ կեղծ է Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը, թե հնարավոր է «փրկել» Հայաստանն՝ Արցախը «փուռը տալով»:

Ալիևը կվերցնի այնքան, ինչքան կարող է, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել օրակարգ ունեցող ազգային իշխանություն:

Վահրամ Բագրատյան