«Տղաներից մեկը սարսափահար եկավ ու ասաց՝ ժողովուրդ, տարհանվեք, թուրքերն արդեն դպրոցի տարածքում են»

«Տղաներից մեկը սարսափահար եկավ ու ասաց՝ ժողովուրդ, տարհանվեք, թուրքերն արդեն դպրոցի տարածքում են»

«Արցախում կատարվածը դժվար է բառերով վերարտադրել, նկարագրել։ Հիմա Հայաստանում, որ ուզում եմ մեկին պատմել, չեմ հերիքում, մտածում եմ, որ գուցե ֆիլմ պետք է նկարվի, որ ավելի իրական դառնա». MediaHub-ի հետ զրույցն այսպես է սկսում Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ, մանկավարժ Նունե Դանիելյանը։ Տեսածն ու ապրածը պատմում է արտասվելով, հիշելով համագյուղացի տղաներին, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին

Վարդաձորը, դիմադրեցին այնքան, որ կանայք ու երեխաները տարհանվեն, փրկվեն։ «Մեր գյուղը սահմանամերձ էր, ու կրակոցներն այնքան հաճախակի էին, որ մեզ համար սովորական էր անգամ սեպտեմբերի 19-ի կրակոցները։ Սակայն, րոպեներ հետո, երբ գործի դրվեցին հրանոթներն ու թնդանոթները, հասկացանք՝ պատերազմ է։ Մենք կարծես արտաքին աշխարհից կտրված կղզիացած վիճակում լինեինք, ոչ հեռախոսակապ կար, ոչ ավտոմեքենա գոնե շրջկենտրոնի հետ միանալու համար»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Նունեի խոսքով, երբ բոլորը տեղափոխվել էին ապաստարաններ, երեկոյան գյուղի ջահելները անտառներով Վարդաձոր տեղափոխեցին նաև հարևան Ճանկաթաղի բնակիչներին, որոնց թվում մեծամասնություն էին կազմում կանայք ու երեխաներ։ 

«Մեզանով ոչ ոք չէր հետաքրքրվում։ Ով, ինչ պատկերացնում, ասում էր, մտածում էինք ոտքով դուրս գալ ու անտառներով փախչել։ Ինչևէ, չշտապեցինք։ Սպասեցինք։ Գնալով իրավիճակն ավելի էր թեժանում»։ Ծանր գիշերն անցկացնելուց հետո, առավոտյան Վարդաձորի ու Ճանկաթաղի երիտասարդները հրազենային զենքերով իջնում են գյուղի սկզբնամաս, դիրքավորվում անտառներում, որ կասեցնեն գյուղ մտնել փորձող ադրբեջանցի զինծառայողներին։

 «Փաստորեն չէին սխալվել։ Դպրոցահասակ տղաներից մեկը՝ Նիկո անունով, սարսափահար եկավ ու ասաց՝ ժողովուրդ, տարհանվեք, թուրքերն արդեն դպրոցի տարածքում են։ Գործող 2 «Ֆորդ» մակնիշի մեքենա կար, մի քանի լիտր սալյարկա, լիցքավորեցինք, կանայք ու երեխաներ իրար վրա տեղավորվեցինք ու անտառային ճանապարհով փորձեցինք գնալ Մեհմանա»,- պատմում է դեպքերի ականատեսը։ Տղամարդիկ մնացել են գյուղում, որ դիմադրեն, Նունեի խոսքով՝ «զբաղեցնեն» թշնամուն, որ իրենք հասցնեն հեռանալ գյուղից։ 

Տղաները պատմել են, որ ադրբեջանական զորքը մրջյունի պես առաջ են գալիս հարյուրներով, իսկ իրենք՝ ընդամենը 7-8 հոգով հետ քաշվելով, պահել են գյուղն ու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև խաղաղ բնակիչները հասել են անտառի խորքը։ Ճանապարհին մեքենաներից մեկի վառելիքն է վերջանում, մյուսը մնում է ցեխի մեջ ու առաջ շարժվելն անհնար է դառնում։ 

«Մենք գնում էինք, անտառով դեպի անորոշություն, գնում էինք գոռալով, լացելով, արդեն ապրելն անիմաստ էր թվում։ Գյուղի տղամարդիկ հասան մեզ օգնության ու սկսեցինք քայլել դեպի Մեհմանա։ Ճանապարհին Ռոբերտ անունով մի տղա՝ զինվորական համազգեստով «Ուրալ» մեքենայով եկավ ու օգնեց մեզ, տարավ դեպի Դրմբոն»,- պատմում է վարդաձորցի ուսուցչուհին, ավելացնելով, որ իրենք չգիտեին, որ Դրբոնն ու հարակից բոլոր գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, իսկ ադրբեջանական զորքն իրենցից շատ մոտ էր։

«Մենք ցեխի մեջ կորած, անօգնական վիճակում մի կերպ հասանք օդանավակայանի տարածք։ Այդ օրերին դա միակ տեղն էր, որտեղ չէին կրակում։ Հիմա, երբ արդեն Հայաստանում ենք, ինձ անընդհատ մտատանջում է այն միտքը, որ եթե մենք ինքնակազմակերպված չլինեինք, հիմա կոտորածի ենթարկված կլինեինք»,- վերհիշում է նա։

Արցախցի կինը նաև նշեց այն տղաների անունները, որոնց շնորհիվ 2 գյուղերի կանայք, երեխաներն ու անօգնական ծերերը փրկվեցին։ «Խոնարհումս Սամվել Գաբրիելյանին, նա անմահացավ հայրենիքը պաշտպանելիս, Նորայր Սուլեյմանյանն ու Գրիգորի Ավագիմյանը վիրավորում ստացան, փրկվեցինք՝ հայր և որդի Ռոբերտ և Լյովա Բաղդասարյանների, Լյովա և Ալիկ Դանիելյան եղբայրների, Նարեկ Զաքարյանի, Նարեկ Պետրոսյանի և Հարութ Գեղամյանի անձնվիրության շնորհիվ։ Նաև հարգանքս ստեփանակերտցի Ռոբերտին, ով մեզ շատ օգնեց ու հանեց մեզ այդ դժոխային ձորից»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան