Գուցե Արցախյան հակամարտությունը խաղաղություն կբերի ամբողջ աշխարհին․ Թովմասյան
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի նպատակն է հայտարարությամբ հանդես գալ, ըստ որի՝ ՀՀ իշխանությունը պետք է դիմի ՄԱԿ-ին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի փրկելու արցախցուն ցեղասպանվելուց։
Նիստի ընթացքում ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը դիմեց հիմնական զեկուցող Մարսել Պետրոսյանին և անդրադարձավ ՌԴ-Արևմուտք հակամարտությանը։
«Երբ մենք դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ խորհրդին, կարո՞ղ ենք ակնկալել, որ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ը կտա մանդատ։ Միգուցե միանգամից ՄԱԿ-ին դիմենք, որ իրենք որոշե՞ն»,- նշեց նա։
Ի պատասխան հարցի՝ Մարսել Պետրոսյանն ասաց, որ խնդիրն այն է, որ այսօր ինչ-ինչ բանակցային գործընթացներ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահների միջև, և չի բացառվում, որ կարող են այդ հարցում համաձայնության գալ։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տալու հարցին, մենք չենք դա որոշում։ Մենք օպտիմալ առաջարկություն ենք անում ու հավատում ենք միջազգային հանրության ողջախոհությանը»,- նկատեց նա։
Արձագանքելով, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ նշեց, որ Արցախյան հակամարտությունը միակն էր, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համարյա թե նույն տեսակետն ունեին՝ խնդրի լուծման առումով։
«Կոսովոյի տարբերակով մենք տեսանք, որ այդպես չէ։ Մեր հակամարտությունը աշխարհի բոլոր հակամարտություններից այս իմաստով է տարբերվում։ Գուցե Արցախյան հակամարտությունը խաղաղություն կբերի ամբողջ աշխարհին, քանի որ համանախագահների մակարդակով հանդիպում եղել է։ Դա արդեն արձանագրված փաստ է»,- նշեց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։