Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել

Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր տուժող է ճանաչվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ պատգամավորը բռնության էր ենթարկվել կարմիր բերետավորների կողմից՝ Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։

Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, որի արդյունքներով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին։

Քրեական գործով առ այս պահը որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, իսկ Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել միայն այսօր՝ քրեական գործի հարուցումից երկու շաբաթ անց։ Ի դեպ, բռնությունը պատգամավորի նկատմամբ տեղի է ունեցել հրապարակային՝ տեսախցիկների առջև, հետևաբար, տեսաձայնագրություններով արձանագրվել են նաև առերևույթ հանցագործություն կատարած ոստիկանության ծառայողները, վերջիններս փաստացի նույնականացված են։

Մինասյանի և ոստիկանության ծառայողների միջև առերես հարցաքննություն դեռևս տեղի չի ունեցել։

Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է նաև, որ հաջորդ հարցաքննությանը տեսագրության հիման վրա մատնանշվող անձանց կառանձնացնեն և կկազմակերպեն առերես հարցաքննություն։