Արմենների պայքար՝ պաշտոնի համար, Ծանր վիճակ ջերմոցային տնտեսություններում. Մամուլը՝ սուրճով

Արմենների պայքար՝ պաշտոնի համար, Ծանր վիճակ ջերմոցային տնտեսություններում. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ում որոշում կա Երեւան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել ավագանու՝ իր սկանդալային հայտարարություններով հայտնի անդամ Նուարդ Վարդանյանին, որը նշանակվել է ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում թեժ քննարկումներից հետո այդ որոշումը փոխվել է:

Այսպիսով, նախապես ՔՊ-ում որոշված է եղել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, ամբողջությամբ տապալել է իր ոլորտը եւ պետք է ազատվի այդ պաշտոնից: Նույնիսկ որոշվել էր, որ Սամվել Ղուկասյանը կնշանակվի քաղաքապետի խորհրդական կամ ԲՏԱ նախարարությունում պաշտոնի: Օրեր հետո իրավիճակ փոխվեց:

Հիշեցնենք, որ Սամվել Ղուկասյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրան մեկ տարի առաջ ԱՄՆ-ից կանչել են, որ աշխատանք տան: Անգամ նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանն իր նախնական համաձայնությունը տվել էր, որ Սամվել Ղուկասյանին պաշտոնանկ անելուց հետո այդ պաշտոնում նշանակվի Նուարդ Վարդանյանը: Պարզվում է, որ Նուարդ Վարդանյանի՝ Երեւանի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում չնշանակվելու որոշման մեջ կարեւոր դեր են ունեցել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները, որտեղ մենք անընդհատ հիշեցնում էինք Նուարդ Վարդանյանի այդ սկանդալային հայտարարությունները, կենսագրական կոռուպցիոն տարրեր պարունակող տվյալները, որի արդյունքում ի վերջո որոշումը փոխվեց:

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա դեկտեմբերին սպասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Այն դժվար է ազատ ընտրություն անվանել, քանզի, ինչպես ցույց տվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի 2019-ի ընտրությունը, իշխանությունն ամեն ինչ արեց, որ այլ թեկնածու չհաղթի: Անշուշտ, դարձյալ իշխանություններն են որոշելու, թե ով է լինելու ՀՖՖ նախագահը՝ նախագահ ընտրող ֆուտբոլային ֆեյք ու իրական ՀԿ-ների տերերի հետ կաշխատեն, եւ կընտրվի նա, ով «պետք է»։ Ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը շատ է վարկաբեկվել՝ չկան ֆուտբոլային հաջողություններ, կան խայտառակ պարտություններ տարբեր տարիքային հավաքականներում, դրան գումարած՝ նրա անցյալի «հերոսություններն» ու ֆուտբոլային աշխարհի հետ աշխատելու անկարողությունը, անընդհատ խնդիրներ ու լարվածություններ ստեղծելը, կոռուպցիոն կասկածները:

Սրան գումարած՝ լուռ հակամարտություն է հասունանում «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, Ռուբեն Հայրապետյանի նախկին խորհրդական, 19-ից ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ու մինչ վերջերս նրա հովանավորյալ Մելիքբեկյան Արմենի միջեւ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ տարիքով ավելի ավագ Նիկողոսյանը մտորում է, որ ժամանակն է, որ ինքը դառնա ՀՖՖ նախագահ։ Ժամանակին Մելիքբեկյանը ստանձնել է այդ պաշտոնը հենց իր օգնությամբ ու հովանավորությամբ: ՀՖՖ մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկողոսյանը համարում է, որ վերջինս դուրս է եկել իր վերահսկողությունից՝ սկսել է ուղիղ աշխատել իշխանությունների, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Այն, որ Մելիքբեկյանը կարողանում է ոչինչ չանելով բուռն գործունեության տպավորություն ստեղծել՝ հայտնի փաստ է: Թե ում վրա կկանգնի իշխանությունների ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը։ Լավ կլիներ, որ պայքարն ընթանար այն կոնտեքստում, թե ում է ավելի հետաքրքրում հայկական ֆուտբոլը, եւ ով կարող է այն զարգացնել»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Բավական ծանր, գրեթե կոլապսային վիճակ է ստեղծվել ջերմատնային մշակաբույսերի արտադրության ոլորտում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ջերմոցային տնտեսությունների զգալի մասն այս փուլում խուսափել է սածիլներ «դնել» մի քանի էական պատճառներով: Առաջին ու հիմնական պատճառը անորոշությունն է: Նախ՝ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների ֆոնին տնտեսվարողների շրջանում առկա են վատ սպասումներ, առավել ևս, որ մասնակի անբարենպաստ հետևանքներ արդեն իսկ ի հայտ են գալիս:

Ըստ այդմ, անհանգստություններ կան իրացման շուկայի հետ կապված, քանզի կանխատեսելի չեն առաջիկայում ՌԴ արտահանում իրականացնելու հնարավորությունները, Լարսի անցակետում սպասվող խոչընդոտները, այդ թվում՝ արհեստական: Երկրորդ բացասական սպասումը կապված է գազի գնի հետ: Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման նման արագընթաց «ռեժիմի» պարագայում չի բացառվում գազի գնի բարձրացումը՝ անկախ թանկացման չափից:

Ի վերջո, գազի գնի նույնիսկ ամենափոքր բարձրացումը կարող է մեծ հարված հասցնել ջերմոցային տնտեսություններին, քանզի վերջիններիս արտադրանքի ինքնարժեքում գազի գինն ահռելի տոկոս է կազմում: Ըստ այդմ, հաշվի առնելով առկա անորոշությունները և ելնելով վերոնշյալ ու մի քանի այլ անհանգստություններից՝ ջերմատների մեծ մասն այդպիսով փորձում է ապահովագրվել հավանական խոշոր վնասներից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 771 մլն 633 հազար դրամ։ Այս մասին երեկ Ազգային ժողովում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։ Նա նաեւ հավելեց, որ հատկացվող բյուջեի 82 մլն դրամը նախատեսվում է աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների եւ հեռահաղորդակցության համակարգերի ձեռքբերման համար, իսկ մյուս մասը կծախսվի նախագահի ներկայացուցչական ծախսերի վրա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի բյուջեի քննարկմանը «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով տարեկան պլանը հաստատված էր 1 մլրդ 602 մլն 527 հազար դրամ։ Նախորդ տարի «Հանրապետության նախագահի գործունեություն եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 1 մլրդ 598 մլն 700 հազար դրամ։ «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 3 մլն 760 հազար, 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, Կառավարության որոշմամբ, այն ավելացվեց 20 մլն դրամով:

Ստացվում է, որ 2024 թվականի բյուջեի քննարկման ընթացքում նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավմանն ուղղված ֆինանսական միջոցներն ավելացվել են 82 միլիոնով։ Ֆինանսական բյուջեն ավելացնում են, սակայն նախագահի գործունեությունը չի ավելանում։ Ներկայացուցչական ծախսեր կատարել սիրող իշխանությունների որոշումները ստորագրող նախագահը իրեն հատկացված ֆինանսական միջոցներն ուղղում է միայն իր արտագնա այցերին։

Օրինակ՝ մեր նախագահը շատ է սիրում այցելել իր ընկերներին արտասահման կամ հայտնի անձանց հոգեհանգստի արարողություններին, ինչպես, օրինակ, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հոգեհանգիստը։ Ստացվում է, որ նախագահ Խաչատուրյանը եւ նրա աշխատակազմը տեղյակ են միայն ֆինանսներ ստանալուց եւ ծախսելուց, իսկ երկրում տիրող իրավիճակից նախագահը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ էլ շուտով կտեղեկանա մամուլից, եւ հուսով ենք՝ գոնե կմիջամտի կամ մի հայտարարությամբ հանդես կգա։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունը 45 մլն 500 հազար դրամ է հատկացրել, որպեսզի պարեկային ոստիկանության 65 եւ 75 մեքենաները հարմարեցվեն ձերբակալվածներին տեղափոխելուն։ Այսինքն՝ մեքենաներում պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։

Ընդհանուր առմամբ, գնվել է 464 ճաղավանդակ, որոնցով պետք է փակվեն պարեկների ծառայողական մեքենաների հետեւի ապակին, հետեւի կողային ապակիները, ինչպես նաեւ՝ այդ հատվածը ճաղավանդակներով բաժանվի մեքենայի առաջամասից, այսինքն՝ ստեղծվի ձերբակալվածների համար հատուկ խուց։ Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է։

«Փաստ» օրաթերթը գրում է. Տևական ժամանակ է, ինչ Հայաստանը ՌԴ-ում, կարելի է ասել, փաստացի չունի արտակարգ և լիազոր դեսպան. ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այնտեղ նոր դեսպան նշանակել, սակայն դա, կարծես, չի ստացվում։

Ավելին, ինչպես այս օրերին մամուլը տեղեկացրեց, իշխանությունների կողմից ներկայացված թեկնածուին (խոսքը իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասին է) ՌԴ ԱԳՆ-ն մերժել է։ Կան տեղեկություններ, որ Ռուսաստանը ոչ թե ուղղակի չի արձագանքել ագրեմանին, ինչպես, ըստ դիվանագիտական կանոնակարգի, վարվում են մերժելու դեպքում, այլ նույնիսկ ակնարկներ են ուղարկել ՀՀ ԱԳՆ, որ նա ցանկալի թեկնածու չէ:

Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ ընդհանրապես Հայաստանի դեսպանի նշանակման հետ կապված Մոսկվայում վերապահումներ ունեն, և ՌԴ ԱԳՆ-ից հայկական կողմին ակնարկել են, թե՝ դուք թեկնածուներին առաջարկեք, մենք կմտածենք: