Պարոն Փաշինյան, գիտե՞ք՝ ինչով են զբաղված ձեր նախարարները, ինը ամիս է՝ ինձ խաբում են․ քաղաքացի

Ինը ամիս է՝ առողջապահության նախարարը խաբում է ինձ։ Անկողնային հիվանդ ունենք, որին բուժելու գումարն, Ավանեսյանն ասում է՝ պետությունն ի վիճակի չէ տալու։ Այսօր Կառավարության շենքի մոտ Անահիտ Ավանեսյանի հետ վիճելուց հետո MediaHub.am-ին պատմեց մի քաղաքացի։
Նա նշեց, որ Ավանեսյանն իրեն նախ խաբել ու ասել է, թե տեղյակ չէ՝ ինչու է քաղաքացին իրեն դիմում։

«Հետո ասում է՝ սայլա՞կ էիք ուզում։ Հիմա էլ ասում է՝ հումանիտար օգնություն պիտի գա, որ մենք կարողանանք անկողնային հիվանդին տեր լինել։ Եթե հումանիտար օգնություն չկա, պետությունն էլ ի վիճակի չէ անկողնային հիվանդին տեր լինելու, էլ ի՞նչ պետություն»,- ասաց քաղաքացին։

Նա տեղեկացրեց, որ առաջին կարգի հաշմանդամություն ունի իր ամուսինը։

«Քաղցկեղից ոտքերն անջատվել է, ու պետությունը մի հատ ցավազրկող է տալիս։ Քանի ամիս է՝ քիմիան չեմ կարողանում գնել։ Ում ասես դիմել եմ՝ նախարարին, Ալեն Սիմոնյանին փոխարինողին։ Ոչ մի արդյունք։ Էս շաբաթ, մյուս շաբաթ են անում։ Դիմում եմ պարոն Փաշինյանին։ Պարոն Փաշինյան, դուք գիտե՞ք՝ ոնց են աշխատում ձեր նախարարները։ Թող դիմում գրեն, գնան, ու գա նախարար, որ կարող է տեր կանգնել գոնե անկողնային հիվանդներին»,- նշեց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։