«Ես նրան գնահատում եմ գերազանց...». սիրելի աշակերտը դարձավ պատերազմի անմեղ զոհ

«Ես նրան գնահատում եմ գերազանց...». սիրելի աշակերտը դարձավ պատերազմի անմեղ զոհ

Արցախում սեպտեմբերյան հայտնի իրադարձությունների ընթացքում ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով հայկական կողմը քաղաքացիական բնակչության շրջանում ևս տասյակ զոհեր ու վիրավորներ ունեցավ։ 

Մահացու վիրավորում ստացած անչափահասներից մեկը 15-ամյա Սերգեյ Հովոյանն է։ Տարիներ առաջ Հովոյանների ընտանիքը վերաբնակեցման ծրագրով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից տեղափոխվել ու հաստատվել է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ 2020 թվականի պատերազմից հետո, նրանք ևս տեղահանվել ու մնացել են Արցախում։ 

Սերգեյի ուսուցչուհին՝ Սուսաննա Աղասյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Դադիվանքի վանահոր՝ Տեր Հովհաննեսի առաջարկով ընտանիքն ապաստանել է, նախ Վանք գյուղում, այնուհետև Քոլատակում։ 

«Մեր դպրոցում Սերգեյը սովորել է 2 տարի և կարճ ժամանակում դարձել վստահելի ընկեր, իր համեստ բնավորության գծերով բոլորիս սիրելին էր։ Սլացիկ, նպատակասլաց պատանի էր, պարզ, միևնույն ժամանակ՝ միամիտ ու պարտաճանաչ աշակերտ»,- նկարագրում է ուսուցչուհին, ապա ափսոսանքով նշում, որ սիրելի աշակերտը դարձավ պատերազմի անմեղ զոհ։ 

«Սեպտեմբերի 19-ին թշնամու արձակած առաջին արկը կտրեց Սերգեյի կյանքի թելը։ Այդ օրը նա Վանքում էր։ Թշնամին հրետակոծում էր անխնա՝ թիրախի տակ պահելով քաղաքացիական ու հասարակական նշանակության ենթակառուցվածքները։ Արկը պայթել է հենց Տեր Հովհաննեսի տան մոտ, որտեղ եղել է և Սերգեյը։ Նա բեկորային բազմաթիվ վիրավորումներ է ստացել, բայց կյանքը փրկել չի հաջողվել»,- պատմում է Սուսաննա Աղասյանը։ 

Սերգեյի հայրը՝ Վազգեն Հովոյանը, ևս ընդգրկված էր Քոլատակի Սուրբ Հակոբ եկեղեցու շինարարների թիմում, մասնագետ էր։ Ըստ Սուսաննա Աղասյանի՝ համեստ կենցաղով ապրող մարդիկ էին, աշխատող, արարող։

«Պատերազմն արժեզրկեց ամեն բան։ Այսօր Քոլատակի դպրոցի աշակերտները ցրված են Հայաստանի քաղաքների և գյուղերի դպրոցներով։ Յուրաքանչյուր աշակերտ այս օրերին որևէ դպրոցում կստանա կիսամյակային գնահատականը, միայն Սերգեյի կիսամյակը կմնա կիսատ Քոլատակի դպրոցի դասամատյաններում։ Հայոց լեզվի իմացությունը պարզ երևում էր նրա ձեռագրից, ուղղագրությունից, արտահայտիչ արտասանությունից։ Հայոց պատմության հաղթական էջերն անգիր գիտեր։ Հայրենասիրական հանդեսների ժամանակ զինվորական քայլքից և ֆիզիկական պատրաստվածությունից երևում էր, թե ինչ զինվոր կդառնար։ Գերազանց տիրապետում էր ռուսաց լեզվին և աշխարհագրությանը։ Միթե՞ սա հիմք չէ Սերգեյ Հովոյանի կիսամյակն ամփոփելու։ Ես նրան գնահատում եմ գերազանց»,- եզրափակեց Սուսաննա Աղասյանը։ 

Հունան Թադևոսյան