Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (18.12.2023)

1.  Մոսկվայում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հավաքին էլ ներկա չէ: Նրա փոխարեն Հայաստանից Մոսկվա է մեկնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
2.  Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս, հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեին։ Նա նշել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղու 162 կիլոմետրանոց հատվածը այս պահին իսլամական հանրապետության ամենակարևոր երկաթուղային նախագիծն է։ Ռեշտ-Աստարա երկաթգիծը Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքի մաս է, որը կմիացնի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Այն նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս է, որը կմիավորի Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի տրանսպորտային հաղորդակցությունները։ 
3.  ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այսօր ժամանել է Իսրայել, հաղորդում է BBC-ին՝ նշելով՝ Գազայում խաղաղ բնակչության զոհերի թվի ֆոնին միջազգային ճնշումը մեծանում է։ Օսթինը մեկնում է Թել Ավիվ Գազայում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի դեմ հիմնական մարտական գործողություններն ավելի սահմանափակ արշավի վերածելու խորհրդով՝ կանխելու տարածաշրջանային լայն պատերազմը:
4.  Առնվազն 90 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի Ջաբալիա փախստականների ճամբարի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, հաղորդում է «Համաս»-ի առողջապահության նախարարությունը։ Իսրայելական կողմից արձագանք չի եղել։
5.  Առնվազն 13 մարդ է զոհվել Արգենտինայի Բաիա Բլանկա նավահանգստային քաղաքում՝ անձրևի և ուժեղ փոթորկի հետևանքով։ Բնակավայրում ապրում է ավելի քան 300 հազար մարդ։ Ամենաշատը տուժել է բասկետբոլի դահլիճը, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժածներին։ Հնարավոր է, որ զոհերի թիվը ավելանա։