«Անմեղ երեխեքը զոհվեն, որ սրանք ստեղ նստեն ու մանկավարժին էլ որակավորում տան»․ ուսուցիչները դժգոհ են

ԿԳՄՍ նախարարության դիմաց մի խումբ ուսուցիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ դժգոհելով կամավոր ատեստավորումից, որի պատճառով նրանց մեծ մասը մնացել է գործազուրկ։
Այսպես, «Հանրակրթության մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները պետք է աշխատանքից ազատվեին, սակայն, հետագայում մեկ այլ փոփոխություն ևս արվեց, ըստ որի՝ ուսուցիչները կարող են շարունակել աշխատել, եթե մասնակցեն կամավոր ատեստացիայի և հաղթահարեն անցողիկ շեմը։
Ուսուցիչներից մեկը, որ 59% արդյունք է ցուցաբերել, մինչ այս պահը հրամանագրից հասկացել էր, որ իրավունք ունի վերաատեստավորման, սակայն իրեն տեղեկացրել են, որ ինքն աշխատանքից ազատման է ենթակա, քանի որ միջին մասնագիտական կրթություն ունի։
«Մանկավարժին ստեղ լրիվ հավասարացրին հողին։ Անդրեասյանի հետ հանդիպում ենք պահանջում, էդ էլ չկա, թող Անդրեասյանն էլ գա ու մեզ բացատրություն տա։ Մենք նման արհամարհական վերաբերմունքի արժանացանք իր կողմից։ Մենք ստեղից չենք գնա՝ մինչև Անդրեասյանին չտեսնենք»,- հայտարարեց նախարարի հետ հանդիպում պահանջող ուսուցիչներից մեկը:
«Նախարարի տեղակալ տիկին Սվաջյանը իմ կնոջը՝ զոհված հերոսի մորը, չեմ հասկանում առյուծի կաթ ա խմել, թե իր հոգին դարբինն ա սարքել, ասում ա՝ «ձեր նմանները շատերը կան»... իմ հերոսն էլ մանկավարժ ա եղել, թող գա ու պատասխան տա ինձ Սվաջյանը»,- ասաց ակցիայի մասնակից տղամարդը՝ դիմելով ԿԳՄՍՆ ներկայացուցչին։
«Անմեղ երեխեքը զոհվեն, որ սրանք ստեղ նստեն ու մանկավարժին էլ որակավորում տան, զոհվեն, որ իրանք ստեղ հանգիստ նստե՞ն»,- բորբոքվեց մյուսը։
Երբ ԿԳՄՍՆ ներկայացուցչից ցանկացան ճշտել, թե քանի ուսուցիչ է մնացել գործազուրկ, վերջինս պատասխանեց՝ հարցում պետք է ուղարկեն, որին կպատասխանեն։ Սակայն ակցիայի մասնակիցները դժգոհեցին՝ ԿԳՄՍՆ-ն չի պատասխանում ահազանգերին և հարցումներին, անգամ Մայր Աթոռի նամակն է անպատասխան մնացել մեկ ամիս։
Իրավիճակը նախարարության մոտ շարունակում է մնալ լարված, նախարար Ժաննա Անդրեասյանն այս պահին դեռ չի հանդիպել ակցիայի մասնակիցներին:
Մարիա Զարգարյան