Այստեղ ունենք եզակի երկերեսանիության սիմպոզիում, կարող եք վայելել․ Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանից հետաքրքրվեց՝ հիշո՞ւմ է, թե Մնացական Մարտիրոսյանը երբվանից է աշխատում դատական համակարգում, կամ հանդիսանում դատավոր։
Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանն այս տարվա հունվարին նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով երեք տարի ժամկետով նշանակվեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ, մինչդեռ նա այն դատավորներից էր, որն, ըստ Փաշինյանի, պետք է հեռանար դատական համակարգից, կամ որ ավելի ճիշտ է՝ ենթարկվեր վեթինգի։
«Իշխանությունների սրտի դատավոր» դարձած Մնացական Մարտիրոսյանն այս իշխանությունների օրոք առավել հայտնի դարձավ մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչների դատապարտելու վճիռներով։
Ալեքսյանյանը Մնացական Մարտիրոսյանի կենսագրությունից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին ուղղված հարցից հետո, երբ վերջինս առաջարկեց դատական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն անվանել «Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի» անվան դատական բարեփոխումների ռազմավարություն։
Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ Մնացական Մարտիրոսյանը 1986թ-ից դատախազի տեղակալ է եղել, իսկ 1989թ-ից եղել է դատավոր, ըստ էության ակնարկելով, որ Մարտիրոսյանը դատական համակարգում է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ու ընդդիմությունը սկսել է քննադատական խոսք հնչեցնել Մարտիրոսյանի հասցեին այն բանից հետո, երբ վերջինս մեղադրական վճիռներ է կայացրել ընդդիմադիր գործիչների նկատմամաբ։
«Դահլիճի էս հատվածում (ցույց տալով ընդդիմադիրներին) նստած մարդիկ հիշո՞ւմ եք, որ նախկինում մի պիտակ կպցրած լինեն Մնացական Մարտիրոսյանին։ Նման մի դեպք հիշո՞ւմ եք։ Ես չեմ հիշում, ուրեմն հատուկ ձեզ համար այստեղ ունենք ժամանակակից արվեստի սիմպոզիում, եզակի երկերեսանիության սիմպոզիում, կարող եք վայելել»։
Մանրամասն՝ տեսանյութում