Ֆարխոյանը մերժեց Վարդևանյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատավոր Ֆարխոյանին բացարկ հայտնելու հիմքերից մեկը գործի մակագրումն է։ 

«Մենք երկու բավարար հիմքերով էինք ներկայացրել դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ 2022թ․-ի ապրիլին Արամ Գասպարյանի գործով ձեռքով մակագրում է տեղի ունենում, բայց մեկ ամիս անց մակագրման համակարգը պարզվում է գործում է։ Անաչառ դիտորդի մոտ, որը մասնագետ չէ իրավական գործերով, այս փաստական տվյալը կասկածի տեղիք կտար։ Այդ կասկածը հաղթահարելու միակ ձեւը բացարկը պիտի լիներ։ Ինչեւէ, ունենք այն ինչ ունենք»,-ասաց Վարդեւանյանը։

Արամ Գասպարյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 22-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանի գործով դատական նիստը։

Գասպարյանին առաջադրված մեղադրանքում ասվում է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռեւս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը: Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզելու եւ այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։

550 օր կալանավորումից հետո մի քանի օր առաջ Վերաքննիչ դատարանը որոշեց ազատ արձակել Արամ Գասպարյանին։ Այս մասին հանրությանը տեղեկացրեց Գասպարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ արձանագրելով, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն չի եղել, ու չնայած այդ ամենին Առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր։