Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի

«Քանի չկա մեղադրական դատավճիռ, ապա մարդը անմեղ է, թե չէ մեծ վերնագրերով, տեսանյութերով տարածվում է, որ հարուցվել է քրեական գործ, հետո մարդը դատարանում արդարացվում է ու ստիպված է լինում տարիներով բացատրել, որ ինքը անմեղ է եղել։ Սա խնդիր է»,- երեկ ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մարգարեական ճշմարտություն է ասել Փաշինյանը. նա, ըստ էության, զարգացրել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Խնդիրն այն է, սակայն, որ այդ սկզբունքն ամենից շատ խախտվել է հենց Փաշինյանի իշխանության տարիներին. մասկի շոուները, աղմկոտ վերնագրերը Փաշինյանի իշխանության անբաժանելի մասն են:
Ավելին, Փաշինյանի իշխանությունը պահպանվում է հենց «նախկին հանցագործ ռեժիմ» թեզի գռեհիկ շահագործման հետևանքով:
Փաշինյանի իշխանության համար բացարձակապես կարևոր չէ, որ չկան կայացված դատավճիռներ՝ արդեն իսկ «հանցագործ», «թալանչի» են հռչակված իշխանության գրեթե բոլոր ընդդիմախոսները:
Կամ՝ քանի- քանի մարդ ցուցադրաբար մեղադրվեցին դավաճանության, դասալքության մեջ, քանիսը հրապարակայնորեն «մերկացվեցին», սակայն ո՞ւր են դատավճիռները:
Փաշինյանը մի ղեկավար է, որի հրապարակային խոսքը որևէ աղերս չունի նրա գործունեության հետ՝ Փաշինյանի հռչակած հումանիստական արժեքները բախվում են գաղջ իրականության հետ, որի առանցքը ոչ թե իրավունքն է, այլ մեկ մարդու քմահաճույքները:
Սուրեն Սուրենյանց