Կաղամբի թթվի օգտակարությունը կանանց առողջության համար

Կաղամբի թթվի օգտակարությունը կանանց առողջության համար

Գրեթե բոլորն էլ սիրում են կաղամբի թթու, սակայն ոչ բոլորը գիտեն, թե որքան օգտակար կարող է լինել այս տնական ուտեստը՝ հատկապես կանանց համար:

Պարզվում է կաղամբի թթուն օգտակար է ոչ միայն խումարի ժամանակ, այլ նաև թուլության, մրսածության, մարսողական համակարգի հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այն նաև օգտագործվում է կոսմետոլոգիայում և դիետոլոգիայում:

Կաղամբի թթվի օգտակար հատկությունները

Այս՝ թվում է թե պարզ մթերքը պարունակում է առողջության համար անհրաժեշտ գրեթե բոլոր վիտամինները (պրովիտամին A, С, В1, В2, В3, В6, К, U վիտամիններ): Ընդ որում՝ վիտամին U-ն կանխում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության առաջացումը:

Դրանում պարունակվող մեծ քանակությամբ վիտամին C-ն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, կանխում է բջիջների ու հյուսվածքների ծերացումը և հարստացնում է հյուսվածքները սննդարար նյութերով՝ նպաստելով դրանց ռեգեներացիային:

Կաղամբի թթուն նաև հարուստ է յոդով ու կաթնաթթվով, որն օգնում հաղթահարել աղիքային ցուպիկն ու այլ վնասակար բակտերիաները: Նաև ապացուցվել է, որ այս հրաշալի մթերքի շնորհիվ կարելի է իջեցնել արյան մեջ
խոլեստերինի մակարդակը և նույնիսկ նվազեցնել ուռուցքների առաջացման հավանականությունը:

Բացի այդ, կաղամբի թթվի աղաջուրն օժտված է օրգանիզմը մաքրելու հատկությամբ և նպաստում է արագ նիհարելուն: Այն պարունակում է մեծ քանակությամբ տարտրոնաթթու, որը կանխում է ճարպաշերտերի կուտակումը: Այս «ըմպելիքը» նաև օգնում է հղիներին հաղթահարել տոքսիկոզը:
Կաղամբի թթուն նաև օգագործվում է կոսմետոլոգիայում: Առավել հաճախ այն օգտագործվում է դիմակների տեսքով: Օրինակ՝ բշտիկների առկայության դեպքում հարկավոր է գոլորշիով փափկեցնել մաշկը, թթու կաղամբը դնել մաշկին, ծածկել անձեռոցիկով ու թողնել կես ժամ:
Պեպեններից ազատվելու համար շատ արդյունավետ է կաղամբի թթվի աղաջրով դիմակը: Հարկավոր է անձեռոցիկը թրջել աղաջրի մեջ, դնել դեմքին, թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:
Թարմ կաղամբ և թթու կաղամբ. ո՞րն է ավելի օգտակար

Չնայած, որ վերամշակում անցած մթերքը սովորաբար կորցնում է իր օգտակար հատկությունները, թթու կաղամբը միայն ավելի օգտակար է դառնում, քանի որ թթվեցման ընթացքում թարմ կաղամբը հարստանում է նոր օգտակար նյութերով ու վիտամիններով, որոնք հետագայում պահպանվում են մոտ 10 ամիս:

Ի դեպ՝ կաղամբը թթվեցնելիս պարտադիր չէ այն մանր կտրատել, քանի որ որքան խոշոր լինի կաղամբը, այնքան ավելի օգտակար կլինի և ավելի շատ օգտակար վիտամիններ ու միկրոտարրեր կպահպանի:

Կաղամբի թթվի վնասակար հատկությունները

Որոշ հիվանդությունների դեպքում կաղամբի թթուն կարող է վնասակար լինել, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ: Այդ իսկ պատճառով այն հակացուցված է ենթաստամոքսային գեղձի և վահանաձև գեղձի հիվանդությունների, արյան գերճնշման, լեղապարկում քարերի առկայության և երիկամային անբավարարության դեպքում:

Բացի այդ, հարկավոր է զգուշանալ նաև գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում:

Ամեն դեպքում՝ եթե կաղամբի թթու ուտելու ցանկությունը շատ մեծ է, ապա օգտագործելուց առաջ այն հարկավոր է լավ լվանալ ու մաքրել աղաջուրը կամ նախապես թթվեցնել հնարավորինս քիչ քանակությամբ աղով: