Փարիզը 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ կվերանորոգի Ելիսեյան դաշտերը

2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզը կվերափոխի հայտնի Ելիսեյան դաշտերը՝ ծառեր տնկելով և լայնացնելով հետիոտնային տարածքները, չորեքշաբթի հայտարարել են Ֆրանսիայի մայրաքաղաքի պաշտոնյաները: Ֆրանսիացիները հաճախ դա անվանում են « աշխարհի ամենագեղեցիկ պողոտան», սակայն ակտիվիստները դժգոհում են, որ երթևեկությունը և շքեղ մանրածախ առևտրային մթնոլորտն այն վերածել են աղմկոտ և էլիտար տարածքի, որից խուսափում են Փարիզի բնակիչները:
«Մենք պետք է նորից հմայիչ դարձնենք մայրաքաղաքի ամենահայտնի պողոտան, որը կորցրել է իր շքեղությունը վերջին 30 տարում», – լրագրողներին ասել է մայրաքաղաքի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժաննա դ’Օտեզերրը: «Դա նշանակում է մեքենաների տարածքի կրճատում: Մենք այդպես ենք պատկերացնում ապագայի քաղաքը», – ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Քաղաքի ղեկավարը փորձում է մեքենաների թիվը նվազեցնել Փարիզում, փոխարենն ավելացնել կանաչ տարածները: Դա հատկապես անհրաժեշտ է դառնում շոգ եղանակին, երբ քաղաքի աղտոտվածոււթյունը խառնվում է տոթին:
Հաղթական կամարի շուրջը, որը գտնվում է Ելիսեյան դաշտերի վերևում, նախատեսվում է ընդլայնել հուշարձանը շրջապատող հետիոտների օղակը: Եվ երկու կիլոմետր (1,2 մղոն) երկարությամբ պողոտայի ներքևի մասում, որը գտնվում է Կոնկորդիայի հրապարակի կողքին, վերափոխել այգիները: «Մենք կստեղծենք մեկուկես հեկտար կանաչ տարածք և կտնկենք հարյուրից ավելի ծառ», – ասել է փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը։
Փարիզի իշխանությունը Օլիմպիական խաղերին ընդառաջ կծախսի 26 միլիոն եվրո (27,5 միլիոն դոլար) վերակառուցման աշխատանքների համար:
Ելիսեյան դաշտերը կառուցվել է 1670 թվականին, վերանորոգվել է Բարոն Հաուսմանի կողմից՝ 19-րդ դարի կեսերին: «Աշխարհի ամենագեղեցիկ պողոտան» Ֆրանսիայի պատմության ամենաուրախ և ամենատխուր պահերի ականատեսն է եղել: Այստեղ են անցկացվում տոնակատարություններ և ոգեկոչումներ, ինչպես նաև բողոքի ցույցեր, այստեղ է տեղի ունեցել նաև հայտնի «Դեղին բաճկոնների» շարժումը: Այս պողոտայով է անցնում նաև Բաստիլի օրվա զորահանդեսի երթուղին, տոն,որը նշվում է հուլիսի 14-ին: Ելիսեյան դաշտերն են նաև Tour de France հեծանվավազքի ամենամյա մրցավազքի ավարտական կետը: