Նման հետևություն չէի անի, եթե Լարսից վերադարձված ապրանքները ծախվեն ավելի թանկ գնով. տնտեսագետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի»:
Թերևս, Հայաստանում միակ մարդն Արայիկ Հարությունյանն է, որ այդպես է կարծում:
Ի՞նչպես կարող է Լարսում ստեղծված իրավիճակը, որը նաև քաղաքական ենթատեքստ ունի, ազդել Հայաստանի տնտեսության վրա. այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:
«Ես հետևություն չէի անի, որ ապրանքները, որոնք Լարսից հետ կվերադարձվեն, ծախվեն ավելի թանկ գնով։ Ես կարծում եմ, որ նախևառաջ կարիք կա դիվերսիֆիկացնելու ՀՀ արտահանումը և նույնպես ներմուծումը, նաև բազմազանեցնել կոմունիկացիաները»,- ասաց Մանասերյանը։
Նա նշեց, որ Հայաստանը պետք է փորձի բացահայտել արաբական աշխարհը, նաև Իրանով պետք է փորձել արտահանել․ «Բայց պետք է Միջին Ասիան էլ դիտարկել արտահանելու շուկա, չնայած ընդունեց, որ առայժմ թույլ են ՀՀ կապերը Միջին Ասիայի հետ»։
«Եվ Վրաստանով պետք է արտահանել, և Կառավարությունը լուրջ ջանքեր պետք է գործադրի, որ Ադրբեջանը լուրջ խոչընդոտ չլինի։ Պետք է կյանքի կոչել Կովկասի նավահանգիստը, որ արդեն մեկ ու կես տասնամյակ, եթե ոչ երկու տասնամյակ այդ ծրագիրn ունենք, բայց Հայաստանի ոչ միայն ներկայիս, այլ նաև նախկին կառավարությունները չեն հասել հաջողության այդ հարցում։ Եվ պետք է ամեն ինչ անել, որ այդ «պորտ-Կովկասը» մեզ համար ելք լինի դեպի ծով, որն ավելի կհեշտացնի դեպի արտաքին աշխարհ ելքը»,- ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի օր փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
MediaHub-ը պարբերաբար կապ է հաստատում Ռուսաստանի սահմանին մնացած հայկական բեռնատարների վարորդների հետ։ Շատերի մոտ փչացող ապրանքներ են, վարորդները պնդում են, որ պետական մակարդակով որևէ աջակցություն չեն տեսել:
Վարորդներից մեկը MediaHub-ի հետ զրույցում իր վրդովմունքն էր հայտնել, որ Ամանորին ընդառաջ այսպես են վարվում հայերի հետ։ «Մարդ չի ուզում աշխատի։ Ասում ենք՝ «ի՞նչի բաց չեք թողնում հայկական մեքենաները, ժամերով կանգնած ենք էս ցրտին, տեղի ծառայողները քմքծիծաղով ասում են` «գնացեք ձեր շնորհակալությունը հայտնեք ձեր վարչապետին»»,- ասել էր նա։
Իրավիճակը էլ ավելի բարդացավ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից հետո, շատ ենք ստանում ահազանգեր այն մասին, որ ռուսական կողմը սկսել է հետ վերադարձնել Լարսում շաբաթներվ հերթի մնացած հայկական բեռնատարները՝ շեշտելով, որ խնդիրը քաղաքական է:
Մարիաննա Արամյան