Բնության դեմ չենք կարող մրցել. Վերին Լարսում անհույս վիճակ է, տեր չկա (լուսանկար)

Բնության դեմ չենք կարող մրցել. Վերին Լարսում անհույս վիճակ է, տեր չկա (լուսանկար)

Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Վերին Լարս անցակետը փակվել է բեռնատարների համար: Պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են: Այսօրվա դրությամբ Լարսում կուտակվել է մի քանի հարյուր բեռնատար և դեռ պարզ չէ, թե երբ իրավիճակը կփոխվի:

MediaHub-ը պարբերաբար կապ է հաստատում Ռուսաստանի սահմանին մնացած հայկական բեռնատարների վարորդների հետ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը Վերին Լարսի անցակետի տարածքում ջեռուցման կետեր է տեղադրել։

MediaHub-ի հետ զրույցում սահմանին մնացած վարորդներից մեկը նշեց, որ ինքը կանգնած է ռուսական կողմում՝ Վլադիկավկազի և Վերին Լարսի միջև, ու հավաստիացրեց՝ վարորդների համար ստեղծված պայմաններ չի տեսնում։

«Սարը փակ է, իհարկե կան մեքենաներ, որոնք անցնում են, հիմնականում վրացական մեքենաներն են անցնում, որպես «приоритет»։ Ես ինքս չեմ տեսել այդ ջեռուցման կետերը կամ ինչ-որ պայմաններ վարորդների համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ բնության դեմ չեն կարող մրցել, բայց իրավիճակը վատ է, քանի որ  վարորդներից շատերի մոտ փչացող ապրանքներ են։ Հարցին՝ պետական մակարդակով որևէ աջակցություն տեսել են, վարորդը նշեց, որ ձյուն է, անանցանելի է ճանապարհը,  իմաստ չկա Հայաստանի հետ կապ հաստատելու, քանի որ ոչինչ չեն կարող անել կամ խնդիր լուծել։ 

MediaHub-ը կապ հաստատեց մեկ այլ վարորդի հետ ևս, ով մնացել է սահմանի վրացական կողմում: Վերջինս հավաստիացրեց, որ երեկ բազմաթիվ մարդատար մեքենաներ են անցել ՌԴ-ից Վրաստան, բեռնատարների վարորդների մոտ դիզվառելիքի հարցեր են արդեն առաջանում։

«Իմ մոտ փչացող ապրանք է՝ ծաղիկ, դիզվառելիքը կհերիքի երկու օրվա, բայց հույս չունեմ, որ կանցնեմ այդ դիզվառելիքի պաշարով։ Այս կողմից շարժ չկա, վրացական կողմը թողնում է միայն մարդատար մեքենաները։ Եվ եթե հնարավորություն լինի, վրացական կողմն առաջին հերթին իր բեռնատար մեքենաները կթողնի։ Շուտ փչացող ապրանքներով հայկական բեռնատար մեքենաները չեն թողնում և ոչինչ չեն անում։ Ես կանգնած եմ վրացական կողմում, դեպի ՌԴ գնացող ճանապարհին, հայկական կողմը ոչինչ չի արել, կանգնած ենք անհույս։ Եվ չգիտենք՝ երբ կկարողանանք գնանք»,- ասաց վարորդը։

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի օր է փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այսօր հայտնի դարձավ, որ մարդատար մեքենաները սկսել են անցնել։

Մարիաննա Արամյան