Եթե Քյարամյանը պաշտոնանկ չարվի

Ամբիոնից մատ տնկել, «արա»-ով իրար հետ խոսել, բղավել, հայհոյել. արդյունքում Ազգային ժողովի դահլիճում ներկաները` Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները բաժանում էին իրար վրա բորբոքված գոռգոռացող Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։
Երեկ խորհրդարանի դահլիճը վերածվել էր խուլիգանական մարտադաշտի. երբ քննարկվում էր Հայաստանում հանցավորության վիճակը, դրա մասնակիցները որոշել էին առավելագույնս աչքի ընկնել խուլիգանական պահվածքով, հանցավոր վարքագծով:
Երեկ տեղի ունեցածն, առաջին հերթին, բացահայտեց, թե ինչպիսի անհաղթահարելի հակասություններ կան իշխող թիմում, որը վերածվել է ոհմակի՝ իր գիշատիչ կանոններով:
ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ամբարտավան վարքագիծը լավագույն ցուցիչ է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում մեր իրավապահ համակարգը:
«...Էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի», - երեկ պատգամավորներին, սակայն ոչ միայն նրանց, այլ նաև՝ երկրի քաղաքական ղեկավարությանը, ընդդիմությանը, սովորական քաղաքացիներին սպառնում էր ՔԿ ղեկավարը:
Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին, ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
Մյուս կողմից, վստահ եմ՝ ՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է:
Սուրեն Սուրենյանց