Լիլիթ Մակունց. ՔՊ-ականների «մշակութային դեսանտը» ԱՄՆ-ում 

Լիլիթ Մակունց. ՔՊ-ականների «մշակութային դեսանտը» ԱՄՆ-ում 

Հունիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուի հետ: Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսականներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախկին ուսանողուհի Լիլիթ Մակունցին յուրահատուկ հումորի տեր Նիկոլ Փաշինյանը նշանակել է ԱՄՆ-ի պես կարևոր երկրում դեսպան՝ գերտերությունում դեսպան պետք է աշխատի պրոֆեսիոնալ, լուրջ ճանապարհ անցած դիվանագետը, այլ ոչ թե ՔՊ-ական կուսակցական բյուրոկրատը:

ԱՄՆ-ՌԴ «սառը պատերազմի» պայմաններում ՀՀ-ն պետք է կարողանա պահպանել բալանսը՝ սերտացնելով կապերը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, սակայն չվատթարացնելով կապերը գերտերություն ԱՄՆ-ի հետ, որտեղ բնակվում է մեծաթիվ հայ համայնք, ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ է, ունի գեոպոլիտիկ շահեր Հարավային Կովկասում: Արդյոք Մակունցը «Մխիթար Գոշ» պարգևը բաժանելով կարո՞ղ է լոբբինգ անել հայկական շահերը, բարդ է ասել: 

Սփյուռքի ամերիկահայերի վերաբերմունքը Մակունցի նկատմամբ նույնպես ոչ միանշանակ է՝ 44-օրյա պատերազմից հետո ՔՊ-ի նկատմամբ անվստահությունն ու անգամ ատելությունը նոր ռեկորդներ են սահմանում ողջ Սփյուռքում:

Թե ինչպես է Լիլիթ Մակունցը ղեկավարել մշակութային ոլորտը՝ լինելով մշակույթի նախարար՝ գիտեն ԶԼՄ-ներին հետևող ՀՀ քաղաքացիները՝ Մակունցի մասին հարյուրավոր մեմեր կան՝ դրանով ամեն ինչ ասված է:

Մշակույթի նախարարությունից անցումը Վաշինգտոնի պես կարևոր մայրաքաղաք բարդ է անգամ վունդերկինդի համար, իսկ Մակունցի գրանցած արդյունքների մասին պետք է դատեն թե ամերիկահայերը, թե ՀՀ քաղաքացիները: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ուժեղ են թուրք-ադրբեջանական լոբբիստական կառույցները, որոնք աչքի են ընկնում հակահայ գործունությամբ:

Վահրամ Բագրատյան