Մարտնչող տգիտություն, թե՞ ծրագրված դավաճանություն. Ինչու է Երևանը մերժում Լավրովին

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակեպելու առաջարկից մոտ երկու օր անց Հայաստանի ԱԳՆ-ն չի պատասխանում՝
Արարատ Միրզոյանն այս անգամ կընդունի՞ եռակողմ հանդիմպան առաջարկը։
MediaHub-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասաց․
«Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցերի եւ հանդիպումների վերաբերյալ նախապես տեղեկացնում են»։
Ինչպես միշտ՝ ստանդարտ պատասխան:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների մասին քննարկման համատեքստում էր Լավրովը հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն հայտնել։
«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարեւորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու ռուսական կողմի պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ»,- ասված էր հայտարարության մեջ։
Մոսկվայից հանդիպման երկրորդ առաջարկն է, որ անպատասխան է մնում, վերջինը՝ դեկտեմբերի 23-ին էր, երբ Արարատ Միրզոյանը, ով սկզբում հաստատել էր իր մասնակցությունը, հետո հրաժարվեց՝ ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցը շրջափակելու պատճառաբանությամբ։
Ինչո՞ւ պաշտոնական Երեւանը չի արձագանքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջարկին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանն առաջ է բերում մի քանի պատճառ։
«Ես վաղուց եմ հրաժարվել Փաշինյանի ու իր թիմակիցների գործողությունները կանխատեսելուց կամ տրամաբանության շրջանակում մեկնաբանելուց, որովհետեւ միշտ հանգում եմ հետեւյալին՝ կա՛մ մարտնչող տգիտություն է, կա՛մ ծրագրված դավաճանություն է գնում։ Մոսկվայի առաջարկին չարձագանքելու հետ կապված պիտի նշեմ մի քանի ասպեկտ։ Դեկտեմբերին Միրզոյանը հրաժարվեց Մոսկվայում հանդիպումից։ Նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերից մեկը՝ գերիների վերադարձը, իսկզբանե խախտված է եղել։ 2021թ․-ի մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցի զինյալներ են։ Հիմա ասում են, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պատճառ է բանակցություններին չմասնակցելու։ Նախորդ երկու իրողությունները պատճառ չէի՞ն բանակցություններին չմասնակցելու»,- ասում է Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները անպատասխան են թողել նաեւ ՀԱՊԿ-ի՝ Հայաստան խաղաղապահ առաքելություն գործուղելու առաջարկը։
«Այսօր Լավրովը վերահաստատել է ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը՝ Հայաստան գործուղել խաղաղապահ առաքելություն։ Հիշեցնեմ նաեւ Զասի հայտարարությունը, որ Հայաստանը հրաժարվել է օգնության փաթեթից, որը ներառում էր սպառազինության, զենքի աջակցություն։ Թվարկածներս հաշվի առնելով, կարծում եմ՝ այլեւս մեկնաբանելու կարիք չկա»,-նշեց նա։
MediaHub-ը հիշեցնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը:
Նա, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը երկար տարիներ «օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան», Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքներ, որոնց երբեք չի հավակնել։ Եվ հիմա, նրա խոսքով, «Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»:
Ի վերջո՝ ինչպիսի՞ն կլինի պաշտոնական Երևանի պատասխանը...
Լիա Սարգսյան