Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ, Հանրաքվեով կփորձի հողատվության բեռը դնել ժողովրդի վրա․ Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. ««Կամանդույուշին»` Բաբայան Սամոն, սկսել է մաղել իրեն մոտ կանգնած հավատարիմներին: Նրան մոտ կանգնած աղբյուրները մասնավոր զրույցներում դժգոհում են, թե շեֆը տեղի-անտեղի սկսել է կասկածել իր շուրջը համախմբված անձանց:
«Զգուշավոր է, ծրագրերի մասին խոսում է հատուկենտ «նվիրյալների» հետ: Այլ կերպ ասած` ակտիվորեն կողքի կռիսներին է ման գալիս»,-նեղստրում են թիմակիցները»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխություն կարող է կատարվել բացառապես հանրաքվեով, գիտեն բոլորը ու շարունակ պնդում էին այդ մասին։ Հիմա ինքը՝ իշխանությունն է սկսել այդ մասին խոսել։ Փաշինյանը հասկանում է, որ Կիրանցով սկսված հողատվության գործընթացը, որին ինքն ու Ալիեւը «սահմանազատում» անունն են տվել, հեշտությամբ չի մարսելու։ Այդ պատճառով էլ Սյունիքում խոսեց հանրաքվեի հավանականության մասին՝ նպատակ ունենալով առաջիկայում սպասվող նոր միակողմանի զիջումների պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին եւ փորձել օրինականացնել հողատվության հաջորդ արարները։ «Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- Շինուհայրում՝ Հայաստանի մակետը ձեռքին, համոզում էր նա։
«Եթե նա ժողովրդի կարծիքն իմանալ ցանկանար, հանրաքվեն կանցկացներ 2021թ․ դեկտեմբերին, երբ Շուռնուխի հատվածում Հայաստանի սահմանը փոխվեց, կամ հանրաքվե կանցկացներ ամբողջ պարագծով՝ ի՞նչ իմաստ ուներ Շուռնուխում ու Տավուշում տարածք հանձնել ու հետո խոսել հանրաքվեի մասին։ Այնպես որ, եթե ինքը ցանկանա հանրաքվե անցկացնել, դա կունենա մեկ պատճառ՝ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա եւ ժողովրդին մանիպուլացնել խաղաղության մասին գեղեցիկ խոսքերով, որն իրականում հերթական անվերապահ կապիտուլյացիան է լինելու»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատյանը՝ ընդգծելով, որ Շուռնուխում Փաշինյանն ալիեւյան GPS-ով մի անհասկանալի գիծ գծեց ու դա կոչեց պետական սահման, իսկ Տավուշում հողերի հանձնումն անվանում են սահմանի վերարտադրություն։ «Ո՞վ հորինեց այդ տերմինը, որտե՞ղ է այն ամրագրված եւ ինչո՞վ է տարբերվում սահմանազատումից։ Իշխանությունը պարտիզանի նման լռում է, բայց ակնհայտ է, որ ՀՀ տարածքից հող է տրվել թշնամուն, որն արդարացնելու համար ասում են, թե կադաստրային քարտեզներում սխալ է եղել»։ Խաչատրյանը կասկածներ ունի՝ թշնամին Հայաստանին նոր տարածքային զիջումներ է պարտադրում, որը փաթեթավորելու համար Փաշինյանը հանրաքվե է անցկացնելու եւ արդյունքը փաթաթելու է ժողովրդի վզին։
Հանրաքվե անցկացնելու հնարավորությունը չի բացառում նաեւ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, ում կարծիքով, հողերի հանձնումը կարող են փաթեթավորել նոր Սահմանադրության գաղափարի հետ, ինչն իրականում Ալիեւի նախապայմանն է՝ «նոր Սահմանադրություն, խաղաղություն» գաղափարի ներքո։ Ամեն բան, ըստ նրա, կախված է PR կամպանիայից։ «Հայաստանը նախկինում էլ է փորձ ունեցել՝ փոխելու Սահմանադրությունը երեւացող եւ չերեւացող մեխանիզմներով, եւ չի բացառվում, որ իշխանությունը կփորձի չերեւացող մեխանիզմներով իր համար ցանկալի արդյունք գրանցել, եթե գնա այդ քայլին»,- ասում է Բադալյանը։
Հանրաքվեի գաղափարին զուգահեռ, դաշտ է նետվում նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը, ընդդիմության՝ մանդատները վայր դնելու խայծով, ինչի մասին հատկապես սիրում է խոսել Ալեն Սիմոնյանը։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունն այդ սցենարի դեպքում ԱԺ լուծարում չի պարտադրում, եւ ՔՊ-ական մեծամասնությունը կարող է շարունակել գործունեությունն առանց ընդդիմադիր խմբակցությունների։ ԱԺ-ն արձակվում է, եթե ի վիճակի չի լինում վարչապետ ընտրել, եւ հավանություն չի տալիս կառավարության ծրագրին։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կարծում, որ իշխանությունն իրականում արտահերթի գնալու ցանկություն ունի։ Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե փողոցում մարդկանց բազմությունը հատի կրիտիկական նիշը։ Եթե, այդուհանդերձ, իշխանությունը տեղի տա չդադարող հանրային ճնշմանն ու որպես իրավիճակի հանգուցալուծում տեսնի արտահերթ ընտրությունների անցկացումը, ըստ Խաչատրյանի, պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա, եթե ընդդիմությունն ընտրական հանձնաժողովներում տեղեր չունենա։ Իսկ տեղերից կզրկվեն, եթե մանդատները վայր դնեն։ «Ցանկացած թիվ կնկարեն, հետո վեր կկենան ու կասեն՝ տեսա՞ք՝ ժողովուրդը մեզ սիրում է, շարժումը դրսից կազմակերպված էր։ Այնպես որ, իշխանությունը փորձում է օրակարգ փոխել՝ իշխանության ու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ պայքարն աղճատել, ձեւախեղել ու դարձնել խորհրդարանական ընդդիմության դեմ պայքար»,- ասում է նա։ Խաչատրյանը բացատրում է՝ իշխանական գործակալներն ու ինքը՝ իշխանությունը, անընդհատ շահարկում են ընդդիմության՝ մանդատները վայր դնելու հարցը, հասկանալով, թե ինչ կշահի իշխանությունը, եթե խորհրդարանում ընդդիմություն չլինի։ Սա պարզ մանիպուլյացիա է, եւ ովքեր այսօր պնդում են, որ ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները, ըստ Խաչատրյանի, գիտակցված, թե անգիտակցաբար, ջուր են լցում Փաշինյանի ջրաղացին։ Նոր ընտրությունները կարող են իրավիճակի հանգուցալուծում բերել բացառապես այն դեպքում, երբ որեւէ կողմի մոտ դրանց արդարության ու թափանցիկության մասով կասկածներ չլինեն, իսկ դրա առաջին նախապայմանն այն է, որ Փաշինյանը չլինի վարչապետի ԺՊ, ինչպես եղել է 2018 եւ 2021թթ․, երբ պահպանեց ու կիրառեց բոլոր վարչական լծակները։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ այս պահին իշխանությունը հակված չէ արտահերթ ընտրությունների, ավելին՝ դրանց անցկացման որոշումը կայացնում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Արեւմուտքը։ «Արեւմուտքն այս պահի դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ ՀՀ իշխանությունը՝ դատական, գործադիր եւ օրենսդիր, իրականացնում է արեւմտյան ծրագիրը, ուստի նոր իշխանություն ձեւավորելու խնդիր առայժմ նա չունի, առավել եւս, վերջին մի քանի օրերին իր աջակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին»,- կարծում է քաղտեխնոլոգը, միեւնույն ժամանակ նկատում, որ ենթադրյալ արտահերթ ընտրությունների պարագայում խնդիր կունենա թե՛ իշխանությունը, որի վարկանիշը շարունակաբար անկում է ապրում, թե՛ ընդդիմությունը, հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ ընտրությունների ժամանակ այլ գործոններ եւս աշխատում են։
«Մասնավորապես, թե ինչ լրատվամիջոց է նայում ընտրազանգվածը, հատկապես՝ Երեւանից դուրս, որովհետեւ, եթե Երեւանի ներսում ինչ-որ չափով կան ԶԼՄ-ներ, որոնք բազմազանություն են ապահովում, ապա Երեւանից դուրս մարդիկ ստիպված են Հանրային նայել, որն իշխանության ուղիղ ազդեցության ներքո է։ Մյուս կողմից, ընդդիմությունը մարզերում աշխատանք չի կատարել՝ իր վարկանիշը բարձր պահելու համար, ուստի հնարավոր ընտրությունների ժամանակ ՔՊ-ն գուցե չի ունենա բարձր վարկանիշ, բայց քանի որ Հայաստանի լրատվական-քաղաքական դաշտի մեծ մասի վրա ԱՄՆ-ն ազդեցություն ունի, ամենայն հավանականությամբ, հենց Արեւմուտքի կողմից վերահսկվող քաղաքական ուժ կլինի»,- ասում է Արմեն Բադալյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա: Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չլսեց ու չտեսավ «ականջ ու լեզու կտրող» խուլիգանական վարքագծի հեղինակ, թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի հանցանքները: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու: Ինչպես է ստացվում, որ արցախցիների գործը վերծանում են, ծանր հանցանք նկատում, իսկ թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը որեւէ կերպ չեն քննում:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել էր քննչական կոմիտե՝ հաղորդումը ստուգելու»։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ պարզեցին ստուգման արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հաղորդման առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հաղորդմամբ հնարավոր չէ որեւէ արարքի տալ նախնական իրավական գնահատական»։ Այսպիսով՝ հերթական ընտրովի արդարադատությանն ենք ականատես լինում։
Դեռեւս 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի մասով դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։
Դիմումի մեջ պատգամավորը նշել էր էր. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտել է ՀՀ օրենսդրությունը, խաթարել հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված արարք է դրսեւորել Արթուր Հովհաննիսյանը, երբ հնչեցրել է մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով (լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլն), ոտնահարվել էին նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով՝ պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, եւ, վերջապես, ակնհայտ դրսեւորվել էր նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն»։
Սակայն քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանի արարքին ընթացք չտվեց եւ քրեական պատասխանատվության չկանչեց՝ արդեն 2-րդ անգամ»: