Կառավարությունը կսահմանի պետական հիմնարկների կոմունալների վճարման սխեման

Առաջարկում ենք ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու նորմեր՝ առանձին ծախսային ուղղություններով։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը։ 

Նա նշեց, որ այդ նորմերը վերաբերելու են նաև կապի ու փոստի գործունեության ոլորտներին։

«Այս պահին պետական հիմնարկների ծախսերը, որոնք վերաբերում են կապին, փոտին, հոսանքի մատակարարմանն ու այլ կոմունալ ծախսերին, սահմանված են 2005 թվականի նորմով, ինչը հնացած է։ Օրինակ՝ կապի մասով նախատեսված գումարի ընդամենը երեսուն տոկոսն է ծախսվում, հիմա օրենքը պետք է սահմանի, որ կառավարությունը սահմանի բյուջետային այդ նորմերը»,- ներկայացրեց նա։ 

Ըստ փոխնախարարի՝ կառավարությունը կսահմանի գումարի չափը, որ պետք է վճարվի փոստի ու կապի ոլորտների համար։ 

«Որպես օրինակ, տեսեք, 2004-ին զանգի 1 րոպեն 200 դրամ էր, հիմա` 5։ Այստեղ վճարման սխեման պետք է փոխվի»,- նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։