Տեսախաղերն օգնում են բարելավել կարդալու հմտությունները

Տեսախաղերն օգնում են բարելավել կարդալու հմտությունները

Կանադացի մասնագետները պարզել են, որ տեսախաղերը բարելավում են կարդալու հմտությունները, հայտնում է The Star Phoenix-ը:

Սասկաչեւանի համալսարանի (Կանադա) ասպիրանտ Շեյլին Կրեսի հետազոտության մեջ ասվում է, որ ունակությունները, որոնք օգնում են զարգացնել տեսախաղերը, կարող են օգտակար լինել կարդալու հմտությունները բարելավելու համար: Սրա հետ կապված՝ մասնագետը եզրակացրել է, որ ծնողները պետք է խրախուսեն երեխաներին խաղերով տարվելու հարցում, քանի որ դրանք կօգնեն նրանց ավելի արագ կարդալ սովորել։

Գիտական աշխատանքի ընթացքում Կրեսը վերլուծել է, թե խաղերի որ տեսակներն են առավել տարածված գեյմերների շրջանում։ Մասնագետը պարզել է նաեւ տեսախաղերում էկրանի կողային հատվածներում հայտնվող օբյեկտների միջին քանակը, որպեսզի օգտագործողի մոտ աշխատի պերիֆերիկ տեսողությունը: Մի խումբ մասնակիցներ կատարել են ընթերցանության առաջադրանքներ, որի ընթացքում կարճ ժամանակահատվածում էկրանին տարբեր բառեր են հայտնվել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տեսախաղերն օգնում են մարզել տեսողական ուշադրության համակարգերը, որոնք անհրաժեշտ են արագ եւ արդյունավետ ընթերցանության համար: «Մենք նկատեցինք, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են օգտագործում իրենց պերիֆերիկ տեսողությունը տեսախաղերում, օրինակ՝ տեքստային ծանուցումները կամ կողքից, այլ ոչ թե էկրանի կենտրոնում հայտնվող թշնամուն տեսնելու համար, ավելի արագ ռեակցիա են ունենում»,- ասել է Շեյլին Կրեսը:

Եզրակացության մեջ ասպիրանտն ընդգծել է, որ տեսախաղերի ստեղծողները պետք է այնպես կազմեն խաղը, որ խաղացողներն ավելի հաճախ ուշադրություն դարձնեն էկրանի կողային մասերում հայտնվող օբյեկտներին: «Մեզ համար կարեւոր է իմանալ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ հոբբիները մարդկանց ուղեղի վրա»,- ամփոփել է Կրեսը: