Ավերիչ երկրաշարժից 35 տարի է անցել. Գյումրիում ԴԵՌ 2700 տնակ կա 

Ավերիչ երկրաշարժից 35 տարի է անցել. Գյումրիում ԴԵՌ 2700 տնակ կա 

1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ 

35 տարի է անցել, բայց ԴԵՌ առկա է «աղետի գոտի» հասկացությունը, հազարավոր մարդիկ դեռ ապրում են վատ պայմաններում։

Երկրաշարժից ամենից շատ տուժեց նաև Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին ու հենց այստեղ են աղետի հետևանքները մինչ օրս չափազանց ակտուալ։ Ի՞նչ է արվում Գյումրիում, ի՞նչ է արվել անցած երեք տասնամյակի ընթացում ու հատկապես ի՞նչ է փոխվել վերջին հինգ տարվա ընթացքում. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց «Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ։

«Առնվազն վերջին 10 տարում պետական բնակարանաշինության ծրագիր չի իրականցվել Գյումրիում, այս տարի նույնպես ոչ մի պետական ծրագիր չի իրականացվել։ Հիմա բոլորը մտածում են ոչ թե բնակարանների մասին, այլ վառելիքի և մտածում են ինչպես դիմակայել ձմռանը։ Մենք, ինչպես նախորդ 15 տարիներին, այս տարի ևս փորձելու ենք աջակցել ամենածայրահեղ պայմաններում ապրող ընտանիքներին»,- ասաց Վահան Թումասյանը։

Գյումրիում շատերը այսօր էլ ապրում են տնակներում, չնայած նրան, որ շատերին բնակարաններ են հատկացվել, որոնք նրանք վարձակալության են տալիս։

Ըստ «Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահի՝ այս պահին ԴԵՌ 2700 տնակ կա Գյումրում, և բնակարան ունեցողները, որոնք չեն տեղափոխվել, ընդամենը 1%-ն է կազմում այդ 2700-ից։

«Գրեթե չի մնացել դեպք, որ մարդ ունենա բնակարան և չտեղափոխվի տնակից և վարձով տա բնակարանը։ Կա իշխանություն, կան համապատասխան որոշումներ, և եթե չեն բնակեցնում և տնակը չեն քանդում, ապա խնդիրներ են լինում բնակարանի սեփականաշնորհման հետ և հետագա բնակեցման հետ»,- ասաց նա։ 

Թումասյանը նշեց, որ ով տներ և բնակարաններ է ստացել, իրենց վիճակը լավ է, նորմալ և սովորական կյանքով են ապրում։

Թումասյանն անդրադարձավ նաև Գյումրու Մուշ թաղամասի բնակարանների խնդրին, ուր տեղափոխվել են երկրաշարժից տուժածները, բայց շատերը բողոքում են որակից։

«Սկզբնական շրջանում Մուշ թաղամասում նոր բնակարանների որակի մասով կար բողոք, բայց այդ բնակարանները վաճառքի չկան»,- ասաց Թումասյանը։

Եվ ահա, վաղը պետական տարբեր մակարդակում կհնչեն զոհերի հիշատակը վառ պահելու հայտարարություններ, առաջին դեմքերը հանդես կգան ուղերձներով և կանցնեն ամենքն իր գործին: Կրկնում ենք՝ 35 տարի է անցել, բայց աղետի գոտի ասվածը ԴԵՌ գոյություն ունի մեր իրականության մեջ:

Մարիաննա Արամյան