Ինձ թվում էր՝ ահա կբացի աչքերը, վեր կկենա ու իրեն հատուկ ժպիտով հարցուփորձ կանի բոլորից… 

Ինձ թվում էր՝ ահա կբացի աչքերը, վեր կկենա ու իրեն հատուկ ժպիտով հարցուփորձ կանի բոլորից… 

Հովսեփյանների ընտանիքի համար Արցախից հեռանալն այնպես հապճեպ է ստացվել, որ նույնիսկ չեն հասցրել անհրաժեշտ իրերը հավաքել ու իրենց ձեռքով կողպել դուռը։ 

MediaHub-ի զրուցակիցը Էվելինա Հովսեփյանն է, պատերազմում անմահացած Անդրանիկ Հովսեփյանի եղբոր դուստրը։ Պատմում է հորեղբոր մասին, այնպես հատ-հատ ընտրված բառերով է նկարագրում Անդրանիկի տեսակը, որ հանկարծ բան բաց չթողնի։ Զրույցն անընդհատ պտտվում է նրա տարիքի շուրջ։ «Ախր ինձ համար ինքը մեծ եղբոր պես էր, ինքը 30 տարեկան էր, ես՝ 17։ Երբեք չենք փնտրել մեկին, ում հետ կարելի էր կիսվել։ Մեր կյանքի ամենակարևոր դեպքերի մասին մենք իրար հետ էինք կիսվում»,- ասում է Էվելինան։

Անդրանիկը ծնվել ու մեծացել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Մանկությունն անցել է գյուղի բարձրադիր լեռներում, ալպիական հովիտներում, սառնորակ աղբյուրների կողքին։ Էվելինան ասում է, որ փոքր տարիքից էր սիրում զինվորական կյանքը։ Երկրի համար ամենապատասխանատու օրերին նա դիրքերում էր, զինվորների կողքին։

«2020 թվականի պատերազմի ժամանակ հորեղբայրս Ռուսաստանում էր։ Իմանալով լայնամասշտաբ պատերազմի մասին՝ թողեց աշխատանքը եկավ, մնաց, հետո զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։ Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սկսված պատերազմը տակնուվրա արեց ամեն ինչ։ Մեր գյուղում, որ դիրքերից հեռու չէ, լսվում էին հրետակոծության ձայները, այնքան բարձր ու առանց դադարի, որ մտածում էինք սա աշխարհի վերջն է։ Լուրեր տարածվեցին, որ Անդոն զոհվել է։ Բայց քանի որ այդ դիրքում նույն անունով 2 հոգի կային, չէինք հավատում, սպասում էինք հրաշքի»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Հաջորդ օրն առավոտյան Հաթերքը, ինչպեսև հարևան բոլոր գյուղերը, տարհանվեցին, թշնամին մոտ էր, առաջխաղացումն՝ անկասելի։ Հովսեփյանների ընտանիքը, այդպես էլ Անդրանիկի մասին որևէ հստակ լուր չունենալով, լքեց գյուղն, ու տեղափոխվեցին Ստեփանակերտ։

Սեպտեմբերի 21-հաստատվեց Անդրանիկի զոհվելու լուրը։ «Մենք այնքան անելանելի վիճակում ենք եղել, այնքան անզոր, որ չգիտեինք ինչ անել։ Սեպտեմբերի 24-ին Անդրանիկի դիակն իջեցրել են դիրքերից։ Երանի չտեսնեի նրան այդ վիճակում։ Ինձ թվում էր՝ ահա կբացի աչքերը, վեր կկենա ու իրեն հատուկ ժպիտով հարցուփորձ կանի բոլորից։ Հաջորդ օրը Ստեփանակերտի «Եղբայրական հուշահամալիր» պանթեոնում հուղարկավորել ենք նրան։ Առ այսօր ես սպասում և հավատում եմ, որ կգա։ Գոնե արտաշիրիմվի, գոնե այստեղ սգալու տեղ ունենանք»,- ասում է Էվելինա Հովսեփյանը։ 

Անդրանիկն ամուսնացած էր, ունի մեկ աղջիկ։ Նրա կինն ու երեխան այժմ ապաստանել են Գյումրիում։ Չնայած երեխան փոքր է, բայց հիշում է հորն ու հաճախ հարցնում նրանից։

Հովսեփյանների ընտանիքի ցավն ու ապրումները չսահմանափակվեցին սիրելի հորեղբոր կորստով։ Գաղթի ճանապարհը նույնքան ծանր էր։

«Դու գալիս ես Հայաստան, ու գիտես, որ այդ ճանապարհով վերջին անգամ ես անցնում։ Իսկ քեզ սիրող մարդիկ, ովքեր չկան այլևս, մնացին քո թիկունքում։ Սա բավական չէր, Շուշիի մոտակայքում ու Հակարիի կամրջին թուրքերը նայում ու ծիծաղում էին մեր անճարության վրա»,- հավելում է  նա։

Հունան Թադևոսյան