Չգիտեմ՝ ով էր այդ համարձակը, դանակով ճղեց շորերս, դուրս եկա կրակի փոսից 

Չգիտեմ՝ ով էր այդ համարձակը, դանակով ճղեց շորերս, դուրս եկա կրակի փոսից 

«Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցածը մեծ ողբերգություն էր առանց այն էլ վիրավոր Արցախի համար»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Եվգենյա Բաղրյանը, ում ամուսինը՝ Արթուրը, ևս եղել է այդ տարածքում, ստացել է բազմաթիվ վնասվածքներ ու այրվածքներ։ 

Մեկ օր անց ուղղաթիռով Արթուրը տեղափոխվել է Երևան, այնուհետև մյուս ծանր վիճակում գտնվող անձանց հետ ինքնաթիռով տեղափոխվել Բուլղարիայի առաջատար կլինիկաներից մեկը։ Եվգենյան պատմում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցում, երբ տեսել է Արթուրին, չի ճանաչել։ 

«Ահավոր վիճակում էր, ամբողջությամբ սև։ Հիվանդանոցը մարդկանց մեծ հոսքի ու աղմուկի մեջ վեր էր ածվել իսկական քաոսի։ Այնքան շատ էին այրված մարդիկ, որ մի մասը միջանցքներում էր։ Նույն օրը մի քանի մահ արձանագրվեց։ Ես շատ էի վախեցել ու մտածում էի ամենավատի մասին»,-ասում է Արթուրի կինը, ով ամուսնուն խնամելու համար այս օրերին ևս Բուլղարիայում է։ 

Նրանց 2 անչափահաս երեխաները Երևանում են, հարազատների խնամքին։ Շուտով 2 ամիս կլինի, իրար չեն տեսել, կարոտում են. «Ամենադժվարն ինձ համար է, այս իրավիճակում մտածում եմ և՛ ամուսնուս առողջական վիճակի, և՛ երեխաներիս մասին, բայց քանի նրանք հուսալի ձեռքերում են, կենտրոնանում եմ Արթուրի խնամքի վրա։ Հնարավոր է մեզ ավստրիական կլինիկա տեղափոխեն։ Դեմքի ու մարմնի այրվածքները մեծամասամբ բուժվել են, իսկ ձեռքերը շատ է վնասվել»։

Ինչպե՞ս տեղի ունեցավ հրաշքը. ցավի միջից Արթուրը հիմա արդեն կարողանում է պատմել։ Մինչ այդ տարածք հասնելը, նախ, հետևել է տեղեկատվական շտաբի հայտարարությանը, որ օրվա ընթացքում լցակայանները բենզին կտրամադրեն։ Արթուրը շրջել է ամբողջ քաղաքով, ամեն տեղ գոյացած հերթեր է տեսել, վառելիք չի եղել։ Ասել են Հայկազովում տրամադրում են, ինքն էլ միացել է մյուսներին ու գնացել այդ տարածք։ Կանգնել էր աղետի վայրում, պայթյունի տեղին շատ մոտ։

«Ուժեղ պայթյուն որոտաց։ Հարյուրավոր մարդիկ, այդ թվում և ես ընկանք կրակի մեջ, եթե մի քիչ թուլանայի, հաստատ ողջ չէի մնա։ Ծուխ էր, շնչել անգամ հնարավոր չէր։ Փորձում էի դուրս գալ, մի քանի անհաջող փորձ եղավ, չստացվեց։ Ովքեր հեռու էին կրակից, փորձում էին օգնել մյուսներին։ Այդ ժամանակ, երբ կրակի փոսից ուզում էի փրկվել, մեկը այրված վիճակում բրդում էր, ուզում էր օգնել, որ դուրս գայի, չէր ստացվում՝ հագիս շորը մի երկաթե ամրան էր բռնել ու չէի կարողանում շարժվել։ Չգիտեմ՝ ո՞վ էր այդ համարձակը․ մեկը եկավ, հանեց դանակն ու փրթեց շորերս, ես դուրս եկա, հանվեցի ու կանգնեցի անձրևի տակ։ Հետո մի քանի հոգով, այդպես կիսամերկ վիճակում նստեցինք պատահական ավտոմեքենա ու գնացինք մանկական հիվանդանոց»,- պատմում է նա։

Ըստ Արթուրի՝ «բառերով նկարագրելու չէր կատարվածը, մարդիկ ողջ-ողջ այրվում էին»։

Նրանք, ովքեր փրկվել են, դա հրաշք են համարում։ Երիտասարդ ամուսինները դեռ բուժման երկար ճանապարհ պիտի անցնեն։ Արթուրն ասում է, որ իրեն ուժ է տալիս կինը, իր համար բժիշկ ու դեղ Եվգենյան, ով սեպտեմբերի 25-ից սկսած առ այսօր ամուսնու կողքին է։

Հունան Թադևոսյան