Արցախցիները սահման անցնելիս զրկվում են 40+10 հազար դրամ սոցիալական աջակցությունից

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել արցախցիներից այն մասին, որ այլևս չեն ստանում 40+10 հազար դրամները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 9-ին նշել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի ամսական 50 հազար դրամ։
«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոնից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ասել էր նախարարը:
Սակայն, ինչպես մեզ փոխանցեցին արցախցի հայրենակիցները՝ 40+10 հազար դրամները չեն ստանում, երբ սահման են անցնում։
Արցախցիներն այս կամ այլ հարցով կարող են դուրս գալ երկրից, գնալ օրինակ՝ հարևան Վրաստան կամ Ռուսաստան․ ամեն մեկն իր գործն ունի, բարեկամը, ազգականը, մտերիմը, որին 2-3 օր այցելելուց հետո վերադառնում է Հայաստան ու տեղեկանում, որ զրկված է աջակցության ծրագրից։
Թե ինչո՞վ է սա պայմանավորված, արցախցիներն էլ չեն հասկանում, քանի որ ինչպես մեզ պատմեցին, նույնիսկ Հայաստան վերադառնալուց ու տևական բանկություն հաստատելուց հետո աջակցությունը չեն ստանում։
Այդ ահազանգերը հավաքագրելով՝ MediaHub-ը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
«Համակարգը, եթե չի թողում առաջ գնալ, տալիս է պատճառը։ Եթե գնացել են այլ երկիր ու հետ են եկել, դիմում են, տվյալները ստուգվում են, և իրենք ստանում են 40+10 հազար դրամ»,- մեր հարցերի պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի հետ։
Սա գերատեսչության պաշտոնական մեկնաբանությունն է, որը չի բավարարում արցախցիներին։ Ի՞նչ իմաստ ունի ասել՝ «գումարները տրամադրվում են», եթե այն այդպես էլ չի իրականացվում։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է վերջին տվյալները 100 000 դրամ և 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ 104 200 անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը, որոնցից չափահաս է 75 725 անձ, իսկ անչափահաս անձանց թիվը կազմում է 28 475: 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության շրջանակում 92 525 անձի տվյալ Միասնական սոցիալական ծառայության կողմից ուղարկվել է վճարման համար, որից 5358-ը՝ 10 000 դրամ, 87 167-ը՝ 10+40 հազար դրամ:
Մարիաննա Արամյան