Երբ թիմում խառնաշփոթ է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Խանդանյանի ասելով՝ Փաշինյան- Ալիև զրույցը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Մոսկվայում:
Դատելով Բաքվի արձագանքներից՝ Ադրբեջանը մերժել է նաև այս առաջարկությունը:
Սակայն այս պատմությունն ուշագրավ այլ բաղադրիչ ունի, որը բացահայտում է Փաշինյանի թիմում տիրող խառնաշփոթը, կառավարման ցածր մակարդակը:
Պրահայում ընթացող «Ֆորում 2000» կոնֆերանսում ունեցած երեկվա ելույթում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միանգամայն այլ շեշտադրում է արել:
Փակագծեր չբացելով հանդերձ՝ նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև դեռևս չհամաձայնեցված երեք կետերն ավելի երկարատև աշխատանք են պահանջում, և Երևանում համոզված են, որ համաձայնեցված դրույթներով փաստաթղթի ստորագրումը դրական կազդի հետագայում կնճռոտ հարցերի շուրջ քննարկումներին:
Եթե Խանդանյանն ամեն ինչ ճիշտ է պատմում, ապա Գրիգորյանի և Փաշինյանի մոտեցումները միանգամայն տարբեր են:
Փաշինյանը փաստորեն կարծում է, որ եթե ԱԳ նախարարները երկու օր հանդիպեն, վիճելի հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, Գրիգորյանն ակնարկում է «երկարատև աշխատանք»-ի մասին:
Նման տակտիկական հակասությունները բացահայտում են, որ անգամ բանակցային գործընթացում պաշտոնական Երևանը չունի միասնական օրակարգ:
Սուրեն Սուրենյանց