Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման երրորդ տարին է, ի՞նչ փոփոխություններ կան․ Մաթևոսյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման երրորդ տարին է, ի՞նչ փոփոխություններ կան․ Մաթևոսյան

Այսօր լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման երրորդ տարին։ Երեք տարի առաջ այս օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որն, ըստ էության, արձանագրեց հայկական կողմի պարտությունը 44-օրյա պատերազմում: Ի՞նչ փոփոխություններ կան երեք տարի անց Հայաստանում։ 

Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«2020 թվականի պատերազմից հետո հավաքական հայ ժողովուրդը և հատկապես նրա քաղաքական վերնախավ ասվածը, կարծես թե, ոչ մի հետևություններ չեն արել, ինչ հանգեցրել է ոչ միայն Ստեփանակերտում թշնամական պետության կողմից զինվորական շքերթի իրականացմանը, այլեւ նրան, որ մենք հիմա ունենք խնդիր Հայաստանի պետականությունը պահպանելու հետ։ Հայ ժողովորդը այս ամենից հետո թող որոշի ինչ սպասելիքներ ունենա Հայաստանից ու Հայաստանի ապագայից։ Երեք տարի անցել է, և մենք ոչ մի հետևություն չենք արել»,- ասաց քաղաքագետը։

Մաթևոսյանը նշեց, որ, իհարկե, հնարավոր է նոր պատերազմ լինի, և Ադրբեջանը կարող է լայնածավալ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ։

Քաղաքագետի խոսքով՝ կանխատեսելի պատերազմը կարող է ավելի արյունալի և անսպասելի հետևանքներ ունենալ, քան 2020 թվականի պատերազմը։ 

Վերջինիս դիտարկմամբ՝ մենք պետք է ունենանք իշխանություն, որը գոնե պատկերացում կազմի, թե մենք ինչ տարածաշրջանում ենք գտնվում, ու ովքեր են մեր հարևանները։

«Պարզապես նայելով քարտեզին՝ մենք կարող ենք տեսնել, թե ովքեր են մեր հարևանները։ Եվ պատահական չէ, որ հենց 2020 թվականի պատերազմից հետո ավելի ակտիվ սկսել է քննարկվել «3+3» ձևաչափը, և այդ ձևաչափի շրջանակներում մենք կարող էինք ունենալ երկու ռազմավարական դաշնակիցներ՝ Իրանը և Ռուսաստանը։ Եվ այդ եկու դաշնակիցների հետ զուգահեռ կարողանայինք բանակի արդիականացում և վերափոխում իրականացնել։  Նույն ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը ունի կարիք իրանական տեխնոլոգիաներին և իրանական մոտեցումներին»,- նշեց Բենիամին Մաթևոսյանը։

Ըստ փորձագետի՝ ով ինչ գնահատական ուզում է տալ, 40 երկրներից ավելին ֆինանսական ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, բայց չեն կարողանում Ռուսաստանին պարտության մատնել․ «Արդյո՞ք մենք 2020 թվականից այս կողմ չէինք կարող խորացնել մեր համագործակցությունը»։

«Մենք կարող ենք Ռուսաստանի և Իրանի հետ հնարավորությունների սահմաններում բարելավել մեր հարաբերությունները, և համաշխարհային միջազգային հանրության աչքերում այդ գործընթացը լրիվ լեգիտիմ կլիներ։ Բայց դրա փոխարեն մենք ընտրեցինք մի ճանապարհ, որի արդյունքում իրանական դրոնների փոխարեն մենք ունեցանք եվրոպացի դիտորդներ»,- եզրափակեց Մաթևոսյանը։

Մարիաննա Արամյան