ՔՊ-ին հեռացնելու համար անհրաժեշտ է բազմաշերտ ու շարունակական պայքար

ՔՊ-ին հեռացնելու համար անհրաժեշտ է բազմաշերտ ու շարունակական պայքար

Գործող իշխանություններն իրենց կամքով չեն հեռանալու՝ վարչական լծակներից, ուժային համակարգից օգտվելով, օգտագործելով հասարակության զգալի հատվածի պասիվությունը ՔՊ-ն մնում է իշխանության: Ընդդիմությունը  պայքարում է գործող իշխանությունների հրաժարականի համար՝ Արցախի փրկության նպատակով, քանի որ ՔՊ-ականները շարունակում են կուլիսային բանակցություններն Ադրբեջանի հետ և դեռ պարզ չէ, թե ինչ նոր տարածքային և քաղաքական զիջումների է պատրաստ ՔՊ-ն՝ Երևանում իշխանության մնալու համար:

Գործող իշխանությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է սկսել անժամկետ բազմաշերտ պայքար տարբեր բնակավայրերում, որպեսզի բնակչությունը ոչ թե ՔՊ-ական ֆեյքերից և մեդիաներից տեղեկացվի, թե ինչ է կատարվում թե ՀՀ-ում, թե Արցախում և թե երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, այլ ընդդիմությունից՝ ոլորտի պրոֆեսիոնալներից, քաղաքագետներից և փորձագետներից:

Դա թույլ կտա արթնացնել ՀՀ քաղաքացիների այն պասիվ հատվածին, որը հիասթափված է, ապակողմնորոշված է, 44-օրյա պատերազմից հետո դուրս չի եկել մարդկային, տարածքային կորուստների հոգեբանական ճնշող ազդեցությունից:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ ՔՊ-ականների «խաղաղության օրակարգը» ձեռնտու է տարբեր գերտերություններին՝ ՔՊ-ն փորձում է ստանալ Արևմուտքի և ՌԴ-ի «դաբրոն իշխանության մնալու համար: Այս պարագայում, ընդդիմությունը  պետք է աշխատի նաև ուժային կենտրոնների հետ՝ Արևմուտքի և հատկապես ՌԴ-ի՝ բացատրելու համար, որ ՀՀ գործող իշխանությունների քայլերի արդյունքում ստեղծվելու է Մեծ Թուրանը՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում ուժեղանալու են թուրքական դիրքերը: 

Արևմուտքին ձեռնտու է թուրքական ազդեցության միջոցով Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելը, սակայն Մոսկվան չի ցանկանա կորցնել Հարավային Կովկասը, ինչը հանգեցնելու է ապագայում նաև Հյուսիսային Կովկասի և ՌԴ-ի թյուրքախոս շրջանների կորստին: 

Երկու հիմնական հիմնասյունները՝ գերտերությունների աջակցությունն ու ՀՀ քաղաքացիների պասիվությունը՝ այս հանգամանքներն են թույլ տալիս ՔՊ-ին պահպանել ՀՀ-ում իշխանությունը՝ տապալված լինելով ներքին և արտաքին բոլոր ոլորտներում:

Վահրամ Բագրատյան