Փաշինյանի նոր «հայտնագործությունը»

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն։ Այն, որ մինչև հիմա Մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, չի նշանակում, որ այդպես չի լինի: Բոլոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»,- երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հարուցելով շատերի զարմանքն ու տարակուսանքը:
Համենայնդեպս, մեզ հանդիպած որևէ իրավաբան չկարողացավ բանական բացատրություն գտնել փաստացի վարչապետի ասածին:
Մի կողմից, եթե Փաշինյանն ասում է, թե նախկին իշխանության կողմից ամեն ինչ արվել է՝ հանցագործության բացահայտումն անհնար դարձնելու համար, ինչպե՞ս է պնդում, թե այն բացահայտվել է: Այստեղ գոյություն ունի մտածողության պարզ հակասություն:
Ինչպե՞ս կարող է հանցագործությունը բացահայտված լինել, եթե «մարդասպանները հայտնաբերված չեն»: Պետությո՞ւնն է անզոր, հանցագործնե՞րն են ամենակարող, թե՞ մեկ այլ հանգամանք գոյություն ունի, որը հայտնի է միայն Փաշինյանին:
Երկրի փաստացի ղեկավարն, իհարկե, կարող է անվերջ զբաղվել պոպուլիզմով, բայց անհնար է անտեսել այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Փաշինյանի իշխանության թիրախավորած գլխավոր մեղադրյալին արդարացրել է հենց վարչապետի «բարեփոխած» ՍԴ-ն:
Բայց գուցե Փաշինյանը կորցրել է քաղաքական ադեկվատությունը ու ընդհանրապես կարիք չկա լուրջ վերլուծել նրա հայտարարությունները, մանավանդ, որ ոչ հեռու անցյալում նա նմանատիպ հակասական ու ոչ բանական հայտարարություն էր հնչեցրել, այս անգամ պատերազմի թեմայով:
Հիշո՞ւմ եք, ասում էր՝ ես պատերազմի թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց՝ ոչ թիվ մեկ մեղավորը...
Վահրամ Բագրատյան