Գիտնականները պարզել են, թե որն է անցյալում գլոբալ տաքացման պատճառը

Գիտնականները պարզել են, թե որն է անցյալում գլոբալ տաքացման պատճառը

Հետազոտողների կարծիքով՝ մայրցամաքային տեկտոնական սալերի տեղաշարժը մոտ 56 մլն տարի առաջ հանգեցրել է մթնոլորտ մեծ քանակությամբ ածխաթթու գազի արտանետման եւ ծայրահեղ գլոբալ տաքացման։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում։

Անոմալ ջերմացումը, որը հայտնի է պալեոցեն-էոցենային ջերմային առավելագույն անունով, կարող էր լինել լիտոսֆերային սալերի շարժի հետեւանք, նշել են երկրաբանները։ Գրենլանդիայի եւ Եվրոպայի բաժանումը եւ Հյուսիսային Ատլանտիկայի գոյացումը առաջ են բերել հրաբուխների ժայթքումներ։ Մթնոլորտ են արտանետվել մեծ քանակությամբ ջերմոցային գազեր, որոնք տաքացրել են մոլորակը։

Գիտնականների կարծիքով՝ հյուսիսային կիսագնդում երկրակեղեւի մայրցամաքային հատվածների մեծ տեղաշարժը նվազեցրել է ճնշումը երկրի ընդերքում, ինչը հանգեցրել է բարձր հրաբխային ակտիվության եւ մթնոլորտ ածխաթթու գազի արտանետման։

Պալեոցեն-էոցենային ջերմային առավելագույնը մասշտաբային երկրաբանական երեւույթ է, որը տեղի է ունեցել մոտ 56 մլն տարի առաջ։ Կլիմայի կտրուկ փոփոխությունը եւ մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը Ցելսիուսի 5-8 աստիճանով հանգեցրել են խորջրյա շատ օրգանիզմների անհետացման։ Անոմալ շրջանը տեւել է մոտ 170 հազար տարի։

Գիտնականներն օգտագործել են մոդելավորումը, որպեսզի հաստատեն իրենց վարկածը։ Փորձի արդյունքները ցույց են տվել, որ մայրցամաքային սալերի տակ վերին շերտն սկսել է ինտենսիվ հալչել, ինչը կարող էր հանգեցնել մթնոլորտ եւ օվկիանոս ավելի քան 100 Տտ (1 013 տոննա) ածխածնի արտանետման, գրել է «Հայթեքը»։