16-ամյա Արենն օրերով եղել է մեքենայի ղեկին, փրկել ընտանիքը (լուսանկար)
Դոնարա Հայրապետյանը մեկն է արցախցի այն կանանցից, որ հայրենիքի հետ կորցրել է նաև ամուսնուն։ Հայրապետյանների ընտանիքը Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է տեղահանվել։ Եկել ու հաստատվել են Երևանում։
Դոնարայի ամուսինը պաշտպանության բանակի սպա Վանիկ Հայրապետյանն է։ Սեպտեմբերի 19-ին դիրքերում էր, հերթափոխի, երբ Ադրբեջանն Արցախի դեմ նախահարձակ գործողություններով սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ։
«Վախենում եմ նույնիսկ հիշել այդ օրերը, թող ոչ ոք ու ոչ մի ազգ այլևս երբեք չզգա այն ցավը, որի միջով անցան արցախցիները»,- ասում է Դոնարան, ապա MediaHub-ին պատմում իր ընտանիքի տխուր պատմությունը։
Վանիկից լուր չուներ, կապը կտրված էր մյուս հարազատների հետ, իսկ կրակը չէր դադարում։ Արցախում պատերազմ էր՝ գրված ու չգրված օրենքներով։
«Սեպտեմբերի 20-ին լուր ստացանք, որ Վանիկը զոհվել է։ Նա միայնակ դուրս է եկել թուրք-ադրբեջանական զորքի դեմ, կռվել է մինչև վերջին շունչը։ Դա ուժեղ հարվածի նման էր, ես կորցրեցի ինձ, մի պահ հայտնվեցի շատ անելանելի վիճակում և ինձ զգում էի աշխարհի ամենաթույլ, ամենաանկարող մարդը։ Այդպես էլ կար, որովհետև Վանիկը իմ ուժն էր, իմ թևերը»,- պատմում է կինը։
Դոնարան ասում է, որ իր հերոս ամուսինը զոհվել է հայրենի Ճարտարի պաշտպանության ժամանակ, մարտական դիրքում։ Մի քանի օր անց դիակն իջեցրել են։ Ճարտարում իսկական խառնաշփոթ էր։ Այդ ժամանակ ամբողջ շրջանը մեկուսացել էր Ստեփանակերտից, և մարդիկ սեպտեմբերի 19-ից գտնվում էին կատարյալ շրջափակման մեջ, շուրջբոլորն անորոշություն էր։
«Մենք չգիտեինք՝ ինչ էր լինելու հետո։ Ամուսնուս հուղարկավորեցինք Ճարտարում, հաջորդ օրն ասացին՝ «գաղթում ենք»։ Այնքան վատ էր մեր վիճակն, ու այնպես անբացատրելի էր ցավում սիրտս, որ չեմ կարողանում հիմա բացատրել։ Չգիտեի՝ ինչպես հանել ու մեզ հետ տարհանել նաև ամուսնուս դիակը, այն դեպքում, երբ հնարավորություն չունեի անգամ ընտանիքս փրկել»,- ասում է Դոնարան, ավելացնում, որ զինվորական ամուսինը ժամանակին մեքենա վարել է սովորեցրել իր որդուն՝ 16-ամյա Արենին, ով չնայած իր տարիքին՝ փրկել է մի ամբողջ ընտանիք։
«Պատկերացրեք տղաս քանի օր է եղել մեքենայի ղեկին։ Նախ, Ճարտարից Ստեփանակերտ, ապա այնտեղից Երևան։ Այդ օրերը, խցանումները, մեր ապրումները, վախն ու ամենակարևորը՝ հոր կորստի ցավը հոգում, Արենն ինձ և իր 3 քույր-եղբայրներին անվտանգ տարհանել է Արցախից»,-ասում է մայրը։
Ընտանիքն այժմ ապրում է Աջափնյակ վարչական շրջանում՝ վարձակալական հիմունքներով։ Օրը մթնում է Վանիկի մասին պատումներով, լույսը բացվում է նրա շիրիմին այցելելու անիրական երազանքով. «Գոնե արտաշիրիմում անելու հնարավորություն լիներ, որ այցելեինք նրան, միթե՞ շատ է իմ ուզածը»...
Հունան Թադևոսյան