Ասել են՝ ծածկվեք, որ չմրսեք. Մարտունու ԲԿ-ում լույս չկա, հիվանդները մրսում են

Ասել են՝ ծածկվեք, որ չմրսեք. Մարտունու ԲԿ-ում լույս չկա, հիվանդները մրսում են

«Մարտունու» ԲԿ-ի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Նախորդ տարեվերջին բացված բուժհաստատությունը դեռ չի գործում, թեև Փաշինյանն ու Ավանեսյանը վստահեցնում էին, թե 2024-ից բուժառուներն ամբողջապես տեխնիկապես ու որակապես հագեցած այլ հաստատությունում են բուժում ստանալու։ 

Ինչո՞ւ ուշացավ այդ բաղձալի օրը․ պատճառը հստակ չէ․ նախարարն ասում է, թե տեղափոխման գործընթացն է երկարել, մեր լավատեղյակ աղբյուրներն էլ պնդում են՝ տեսչական մարմինը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել ու տեղափոխման գործընթաց անգամ չի էլ սկսվել:

Նշենք, որ մեր հստակ տեղեկություններով, ԲԿ-ի չգործելը Ավանեսյանի հերթական «չեպեն» է, որի համար պատասխան տվեց, սակայն, ոչ թե ինքը, այլ իր տեղակալը՝ Արմեն Նազարյանը, թեև ինքը՝ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ դիտարկումը ոչ կոռեկտ համարեց։

Նոր կառուցված շենքի չգործելու խնդրից այն կողմ, MediaHub-ն այսօր բազմաթիվ ահազանգեր է ստացել Մարտունու ԲԿ-ում բուժում ստացող պացիենտների հարազատներից։ Բանն այն է, որ այսօր ողջ համայնքում վեց ժամով հոսանք չի լինելու, և ԲԿ-ն էլ բացառություն չէ։

«Անգամ մի դվիժոկ չկա, որ հիվանդներին նորմալ կարողանան սպասարկել, սենյակներն էլ ցուրտ-ցուրտ։ Լավ ա, օրն արևոտ ա։ Հիվանդներին ասում են՝ ծածկվեք, չմրսեք, մինչև լույս լինի։ Խեղճ բժիշկներն էլ չգիտեն՝ ինչ ասեն, ինչ անեն։ Անտերության մատնված երկիր ենք, անտերության մատնված մարդիկ։ Ասում են՝ հիվանդանոցի մի հատվածը կարողացել են հոսանքով ապահովել, բայց մեծ մասում լույս չկա»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը։